2015 թվականին Մալաթիա տոնավաճառի տաղավարներից մեկում դանակի 30 հարվածով իր 38-ամյա կնոջը՝ Հեղինե Դարբազյանին սպանած Արտակ Առաքելյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստին հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտպանի՝ Լյուդվիգ Ավետիսյանի (լուսանկարում) ծառայություններից։
Ամբաստանյալի խոսքով՝ ինքն այլևս չի վստահում իր պաշտպանին։ Ավելի վաղ Առաքելյանը, փաստաբանի ծառայություններից օգտվելու բավարար միջոցներ չունենալու պատճարաբանությամբ, դատարանին խնդրել էր իրեն հանրային պաշտպան տրամադրել, որից հետո նրա գործով սկսել էր զբաղվել Ավետիսյանը։
Նիստի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում հանրային պաշտպանն ասել է, որ իր համար անակնկալ էր ամբաստանյալի նման հայտարարությունը։ Փաստաբանի խոսքով՝ մինչ օրս ինքը և իր պաշտպանյալը ոչ մի խնդիր չեն ունեցել։ Նա ամբաստանյալի նման որոշումը կապել է օրեր առաջ Առաքելյանին և հանգուցյալին պատկանող ընդհանուր իրերի գույքագրում անելու գործընթացին չմասնակցելու հետ։
Գույքագրման գործընթացին մասնակցած տուժողի իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը, իր հերթին, ասել է, որ իրականում իր և Ավետիսյանի պարտականությունների մեջ չի մտնում մասնակցել գույքագրման գործընթացին։
«Ընթացիկ գործը քրեական գործ է, իսկ մյուսը՝ (գույքագրման-խմբ․) քաղաքացիական է, մենք պարտավոր չէինք այնտեղ ներկա լինել։ Ես միայն երեխաների (Դարբազյանը և Առաքելյանը 2 երեխա ունեն֊խմբ․) խաթր եմ այնտեղ գնացել։ 5-6 ժամ գույքագրում ենք արել։ Ու էդ ողջ գործընթացին ներկա է եղել Արտակի հայրը ու ահավոր պայմաններ էր։ Մի փոքր լաթի կտորն էլ ասում էր գույքագրեք», -ասել է Սաֆարյանը։
Մեզ հետ զրույցում հանգուցյալի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը, նշել է, որ իրենք առաջարկել են՝ ամուսինների ողջ ունեցվածքը փոխանցել նրանց ընդհանուր անչափահաս երկու երեխաններին։
«Արտակի հայրը հրաժարվում է, ինքը ասում է՝ երկու մասի կիսենք, ես իմ տղայի բաժինը վերցնում եմ։ Իրեն իր տղան էլ չի հետաքրքրում, իրեն մենակ էդ մի քանի փալասն ա հետաքրքրում։ Երբ վարագույների խանութում էին (որն աշխատացնում էր Դարբազյանը֊խմբ․) գույքագրում անում, ապրանքներ կար, որ իրենցը չէր, բայց էդ ապրանքի տերերը ասում էին, թե իմանանք, որ մնալու ա երեխաներին, մենք կթողնենք։ Բայց, արի ու տես, պապը թոռներին ոչինչ թողնել չի ուզում։ Նույն էլ Արտակը ոչինչ թողնել չի ուզում», -ասել է Դարբազյանը։
2015 թվականի սեպտեմբերի 27-ին 39-ամյա Արտակ Առաքելյանը որսորդական դանակով սպանել է 38-ամյա կնոջը՝ Հեղինե Դարբազյանին: Քրեական գործում նշված է, որ հանցագործությունը կատարվել է «ամուսնական անհավատարմության պատճառով»: