ՀՀ Դատախազությունը Վերաքննիչ դատարան է դիմել՝ միջնորդելով բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի մարտի 18-ի որոշումը, որով բավարարել էր 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի բողոքը։ Վերջինս պահանջել էր վերացնել քննիչի և դատավորի՝ իր որդու մահվան գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, ինչն էլ դատարանն արել էր։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սուրեն Օհանջանյանը։
Դատախազության բողոքի համաձայն, քննիչ Մովսիսյանի և դատախազ Խաչատրյանի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումներն օրինական են։
«2010 թվականի դատաբժշկական փորձաքննությամբ միանշանակ հաստատվում է այն հանգամանքը, որ Տիգրան Օհանջանյանի մահը վրա է հասել տեխնիկական էլեկտրահարությունից․․․ նրա մահը չէր կարող վրա հասնել ինչպես մեխանիկական շնչահեղձությունից, խեղդամահ լինելուց, այնպես էլ այլ պատճառից», – նշված է Դատախազության բողոքի մեջ։
Նշենք, որ մարտի 18-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստում մահացած զինծառայողի հայրը դատարանին է ներկայացրել մի շարք փաստեր, որոնք, նրա պնդմամբ, ապացուցում են, որ Տիգրան Օհանջանյանի մահը էլեկտարահարման պատճառով չի եղել․ հայրը պնդում է՝ որդուն սպանել են։
Տիգրան Օհանջանյանի դեպքի մասին՝ այստեղ։
Epress.am Լուրեր Հայաստանից