Home / Բանակ / Հաղթանակի օրը․․․ եթե պատերազմն անխուսափելի է թվում

Հաղթանակի օրը․․․ եթե պատերազմն անխուսափելի է թվում

Հոդված՝ Հաղթանակի օրը՝ պատերազմում

Հեղինակ՝ Վադիմ Դուբնով

Տպագրված է՝ ekhokavkaza.com կայքում

– Բաքուն ու Երևանն, առանց արագությունը նվազեցնելու, շտապում են դեպի անխուսափելի թվացող բախում․ բայց դա դեռ խնդրի կեսն է։ Վատն այն է, որ երկու կողմերն արդեն, կարծես, իրենք էլ ելնում են նրանից, որ պատերազմ ամենևին էլ աղետ չէ, ու եթե նույնիսկ այնքան էլ ցանկալի չէ, ապա տրամաբանական է ու ինչ֊որ տեղ՝ անգամ իմաստավորված։

Պատճառներն ու հետևանքերը երբեմն տեղերով փոխվում են, հատկապես եթե այդ տեղերը նախկինում էլ պայմանական էին։ Ժամանակին, կարծես, պատերազմի անխուսափելիությունը ծնում էր խաղաղարարական ռոմանտիզմ։ Այժմ, եթե պատերազմն անխուսափելի է թվում, պետք չէ նույնիսկ կանգ առնել․ ավելի լավ է մտածել հնարավոր բոնուսների մասին, քանի որ, ինչպես հայտնի է, գոյություն ունեն ավելի կարևոր բաներ։

Չնայած այն հանգամանքին, որ բոնուսներ ակնհայտորեն չեն նշմարվում։ Կողմերից ոչ մեկի համար։ Համենայնդեպս՝ ելնելով օբյեկտիվ ու ռազմա֊քաղաքական տրամաբանությունից։ Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմը՝ հարյուրավոր զոհերով հանուն մի քանի բարձրունքների, այնպես էլ նոր բախումը չի բերի ստատուս քվոյի հիմնարար փոփոխության, եթե այդպիսին համարենք Ադրբեջանի վերահսկողության տակ այնպիսի տարածքի անցումը, որը կարելի կլիներ ներկայացնել որպես ռևանշ, կամ, ինչպես Հայաստանում են ասում, Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու լուրջ ընդլայնումը։ Այնուամենայնիվ, ըստ երևույթին, կողմերից յուրաքանչյուրն առնվազն քննարկում է նման տարբերակ՝ որպես կատարյալ մաքսիմում֊ծրագիր։ Թեկուզ դրան այնքան էլ չհավատալով, բայց այնպիսի ոգևորությամբ, որպեսզի չմտածել անցանկալիի մասին՝ որ նման հաջողության կրակը վերջնականապես մոխրի կվերածի վերջին կամուրջները դեպի ապրիլի 1֊ի լույս 2֊ի գիշերը կանգ առած, ինչպես հասկացանք, բավական տանելի կյանք։

Երևանն ասես որոշել է փոխել իր դերը հակամարտության մեջ, որով գործել է վերջին քսան տարիների ընթացքում ու որը սահմանվում էր հաղթողի ֆորմալ կարգավիճակով։ Չէ՞ որ հաղթողին ոչինչ պետք չէ՝ ոչ նոր պատերազմ, ոչ նոր հաջողություններ։ Նա ունի ամեն ինչ, բացի իր հաղթանակի օրինականացումից։ Նրա կարգախոսն է՝ կայունություն և խաղաղություն՝ որպես ներկայիս իրավիճակի պահպանման երաշխիք։ Տվյալ պահպանողական վարդապետության վերանայումը Երևանն այսօր չի սկսել։ Ներկայումս, սակայն, այս մոտեցումը ձեռք է բերել ժանրային ամբողջականություն։

Հաղթանակը պահպանելու լավագույն միջոցն այլևս ոչ թե խաղաղությունն է, այլ, ընդհակառակը, նոր պատերազմը, ու, եթե Ադրբեջանն այն ուզում է, ապա կստանա նույնիսկ սպասվածից ավելի վաղ։

Այլ կերպ ասած, եթե նախկինում այս ակտիվությունը ադրբեջանական կողմի գործելաոճի մասն էր, ու Բաքուն, սրելով իրավիճակը, բոլոր շահագրգիռ կողմերին ստիպում էր ճնշում գործադրել Հայաստանի վրա, ապա այսօր Հայաստանը նույնպես վերածվում է նման պայթյունավտանգ նախաձեռնության աղբյուրի․ ու քանի որ ճնշման առարկա այլևս չկա, պատերազմի պարույրն արդեն, ասես, օբյեկտիվորեն սկսում է պտտվել։ Ինչն ապացուցվում է ապրիլի սկզբին կորցրած դիրքերը վերադարձնելու փորձերով ու նույնիսկ, որոշ հակասական տեղեկություններով, ծրագրվող հրետանային գրոհի նախապատրաստությամբ Ադրբեջանի այնպիսի տարածքների ուղղությամբ, որոնք նախկին ռազմական տեղագրության համաձայն գրավված չեն եղել։ Իսկ բանակցելու թեմա, ստացվում է, իսկապես չկա։ Հետևաբար՝ պատերազմ։

Մյուս կողմից, Ադրբեջանը, ելնելով նույն անողոք տրամաբանությունից, ուժեղացնում է ճնշումը։ Ու եթե հավատանք վերլուծաբաններին, որոնք կարծում են, թե գրավված բարձրունքներն Ադրբեջանին հարկավոր են ոչ միայն բնակչությանը հայրենասիրական բացատրություններ տալու, այլև, առաջին հերթին, Ղարաբաղի հյուսիսում զանգվածային հարձակում կազմակերպելու համար, ապա հազիվ թե Բաքուն կանգ առնի՝ հատկապես հաշվի առնելով հակառակորդի հնարավոր հաջողությունները։ Բայց եթե ադրբեջանական բանակին հաջողվի լուրջ առաջխաղացում գրանցել, համաչափ (կամ, անհրաժեշտության դեպքում, ոչ համաչափ) պատասխան ստիպված կլինի տալ Հայաստանը։ Պարույրն արդեն պտտվում է նոր ուղղությամբ, որտեղ տրամաբանությունը վերջնականապես ընդհատվում է։

Երկու կողմերն էլ քաջ գիտակցում են, որ ափերից դուրս եկած պատերազմն իրենց համար հավասարապես վճռորոշ է։ Կարելի է անընդմեջ կրկնել բնակչության ուշադրությունը օֆշորներից ու իշխանությունների այլ կամայականություններից շեղող պատերազմի մասին մանտրան։ Բայց առանց հստակ հեռանկարների պատերազմն այդ իշխանություններին հարվածում է եթե ոչ առաջին հերթին, ապա անողոքաբար, ու խոսքը ոչ թե հացադուլի, այլ իշխանությունների՝ նման պատերազմի հետևանքով կորցրած եկամուտների մասին է։ Ադրբեջանի ղեկավարության գործերը, թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի, թե՛ նավթի գների, թե՛ Հարավային գազային միջանցքի հետ կապված, պետք է ծայրահեղ վատ վիճակում լինեն, որպեսզի այն այդ աստիճան կորցնելու ոչինչ չունենա։ Որևէ մեկը պատրա՞ստ է լրջորեն քննարկել նման հեռանկար մոտ ապագայում։ Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին․ այնքանով, որքանով Երևանն ինքն է գրեթե պաշտոնապես ընդունում հակառակորդի առավելությունը թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսների առումով։

Մի խոսքով՝ ճշմարտությունն այն է, որ եթե պատերազմել, ապա առավելագույնը մեկ֊երկու շաբաթ։ Որպեսզի մարդիկ Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում (ցանկը կարելի է երկար շարունակել) հասցնեն շեղվել Դոնբասում ու Սիրիայում իրենց գործերից ու հարթակ գան իրենց խաղաղարար գաղափարներով։ Իսկ այդ ընթացքում միջուցե նաև հաջողվի ինչ֊որ ձեռքբերումներ գրանցել՝ մի քանի բարձրունք, կամ գյուղ, կամ գուցե ինչ֊որ շրջանի հատված։ Քաջ գիտակցելով այն, որ այդ հաջողության մակարդակն ուղիղ համեմատական է հաջորդ բախման սպառնալիքին ու հակադարձ համեմատական այն ժամաքանակին, որ դա կբաժանի ընթացիկից։ Բայց դա էլ այլևս սարսափելի չէ, իսկ մարդկային կորուստները հետաքրքիր են միայն նրանով, որ դրանք, բնականաբար, մի քանի անգամ ավելի քիչ են, քան թշնամունը։

Բայց Մոսկվայի ու Վաշինգտոնի գործընկերները կարող են ուշանալ։ Կարող են չցանկանալ շեղվել։ Կարող են չցանկանալ ինչ֊որ սեփական պատճառներից ելնելով, որոնք անմիջապես կբարձրաձայնեն դավադրության տեսաբանները, ովքեր, ի դեպ, ժամանակավորապես լուռ էին ու հասկանալի է՝ ինչու։ Թույլատրելիի սահմաններն առանց նրանց էլ ընդլայնվում են ավելի արագ, քան քաղաքական տրամաբանությունը։ Այսօր սարսափելի է քառօրվա պատերազմը, վաղը՝ մեկշաբաթյա, մյուս օրը նորմալ կհամարվի ավիացիան. Երևանում արդեն նախապատրաստվում են հակաօդային պաշտպանության տեսանկյունից։ Կողմերից յուրաքանչյուրի՝ մեծ խորհրդանիշների հանդեպ հայտնի սերը զգալի անհանգստություն է ստեղծում առաջիկա Հաղթանակի օրվա համար։ Ի վերջո, ի լրումն համամարդկային նշանակության, այստեղ մայիսի 9֊ը նշվում է նաև որպես ղարաբաղցիների կողմից Շուշիի գրավվման ու պատերազմի ամբողջ հետագա ընթացքի փոփոխության օր։ Բավական լավ առիթ է թե՛ մի կողմի ռևանշի, թե՛ մյուսի հաջողությունը կրկնելու համար։