Հոդված՝ Մահվան պատճառն այնհատ է
Հեղինակ՝ Վադիմ Դուբնով, ապրիլի 13-ին հրապարակվել է «Էխո Կավկազա» կայքում
֊ Հայաստանում ու Ադրբեջանում հաշվում են մահացածներին։ Լուծույթը, որի մեջ ընկղմված է դարավոր ատելությունն ու որը, կարծես, վաղուց արդեն ավելի ուժեղ չէր կարող լինել, շարունակում է հագենալ ու խտանալ։ Այդպես է ճակատի երկու կողմերում էլ․ ճակատ, որը փոխվել է մի քանի գերիշխող բարձունքներով, հանուն որոնց էլ զոհվել են նրանք, ում այսօր հաշվում ու թաղում են Հայաստանում ու Ադրբեջանում։ Իսկ թաղումն ատելության գագաթնակետն է։
Հանուն ինչի էին այստեղ զոհվում մինչև 1994 թվականի մայիսը, երբ պատերազմն ավարտվեց, երկու կողմերում էլ հստակ գիտեն․ հանուն հողերի, որոնք համարում էին իրենցը։ Այսօր այս հերթապահ պատասխանը, հերթապահ, ինչպես կենացներն ի հիշատակ հերոսների, սուտ է։
Դրա շուրջ չի կարելի մտածել, դրան պետք է անվերապահորեն հավատալ։ Ադրբեջանը, եթե նույնիսկ ենթադրենք, որ գիտակցաբար նախաձեռնել էր գրոհ, դժվար թե իր առջև դրած լիներ Ղարաբաղը վերադարձնելու խնդիրը։ Կամ նույնիսկ դրա մի մասը վերադարձնելու։ Կամ նույնիսկ ղարաբաղցիների կողմից 20 տարի առաջ գրավված յոթ շրջանների մի մասը։ Ոչ հաղթական հաշվետվություններում, ոչ վերլուծական զեկուցագրերում ոչինչ չի վկայում այն մասին, որ երկրի ղեկավարությունն իր առջև պատմական նպատակներ դրած լիներ։ Ոմանք դա անվանում են հետախուզություն մարտի միջոցով։ Ոմանք քարտեզի վրա նշում են հենց այն գերիշխող բարձունքները, որոնք ադրբեջանցիները գրավել են ու որոնք կարող են պետք գալ, եթե Բաքուն մտադրվի իրական պատերազմ սկսել։ Իսկ կարող են նաև պետք չգալ։ 93 զոհ։ Առնվազն։
Մի խոսքով, բլիցկրիգը, որը, ինչպես պնդում են Հայաստանում, կասեցվեց միայն հայաստանցի զինվորի հերոսության շնորհիվ, ոչ ոք, ամենայն հավանականությամբ, չէր ծրագրել։ Հերոսության փաստը դա բնավ չի ժխտում։
Հանուն ինչի՞ են զոհվել ադրբեջանցիները։ Իհարկե, տարածքային ամբողջականություն, պայքար զավթիչների դեմ, հայրենի հող, ոչ մի թիզ թշնամուն։ Հարկ լինի՝ կհասնենք Երևան։ Մյուս կողմից, Երևանում սպառնում են հայկական դրոշը բարձրացնել Բաքվում։ Ինչի՞ համար։ Ադրբեջանցիներին վերադարձված Ղարաբաղն ի՞նչ վիճակում է պետք։ Այրված ու մոխրացած հողի՞ տեսքով՝ պատված այն մարդկանց մարմիններով, որոնք չեն հացրել հեռանա՞լ։ Ղարաբաղցիների կողմից գրավված Աղդամի՞ տեսքով․ փլատակների, որտեղ ոչինչ երբեք այլևս չի՞ աճի։ Իսկ Ղարաբաղը որևէ այլ տեսքով չի վերադառնա, ու դա բոլորը գիտեն։ Ինչի՞ համար։ Կրկին՝ 93 մարդ։ Առնվազն։
Հանուն ինչի՞ են զոհվել հայերը։ Երկու կողմերը, միջնորդները, ընդհանրապես, պատերազմի ու խաղաղության գործընթացին բոլոր ներգրավվածները հասկանում են, որ կարգավորման բանաձևը, վերջին հաշվով, շրջաններն են կարգավիճակի դիմաց։ Կամ ոչ բոլոր շրջանները երկակի կարգավիճակի դիմաց։ Նման մի բան և ուրիշ ոչինչ։ Շրջանները, վաղ թե ուշ, պետք է վերադարձվեն։ Ղարաբաղը, վաղ թե ուշ, պետք է ճանաչվի։ Այսինքն, նրանք, ովքեր ուղարկում են զոհվելու հանուն Ղարաբաղի վերադարձի, փայլուն գիտեն, որ այն, միևնույն է, չի վերադառնալու։
Նույն կերպ, հայերը զոհվում են հանուն տարածքների, որոնք, վաղ թե ուշ, ստիպված են լինելու հետ տալ։ Բայց նրանք գոնե պաշտպանվում են՝ այդ շրջանները համարելով անվտանգության գոտի։ Այստեղ, սակայն, նույնպես հարցեր կան, որոնք ոչ ոք չի շտապում տալ՝ դրանք փոխարինելով վաղուց նախապատրաստված պատասխաններով։
Արդարություն գոյություն չունի, դրան հնարավոր չէ դիմել։ Ձևական անճշտության իրավունքը բնորոշ է լղոզված կանոններով ցանկացած բանավեճի, և այդ կանոններին ոչ ոք չի պատրաստվում հետևել։ Ադրբեջանցիները խոսում են արդար պատերազմի իրավունքի մասին, ղարաբաղցիներն իրենց Սահմանադրության մեջ գրավված շրջանները հռչակում են իրենց տարածքը։ Հասկանալի է, որ հայկական կողմի համար դա կարգավիճակի շուրջ մեծ ու անավարտ առևտրի տարր է։ Միևնույն ժամանակ, սակայն, նաև մարտահրավեր, որով ինքդ քեզ դատապարտում ես մշտական լարվածության ու, հետևաբար, պետք է ամեն րոպե պատրաստ լինես դիմադրություն ցույց տալ։ Ու ամեն ինչ պարզ է։ Չես կարող՝ մի հոխորտա։ Կարող ես, ուրեմն տեղեկությունը թշնամու՝ միլիոնավոր դոլարների զինամթերքի գործարքների մասին, նույնիսկ նրա հետ, ով համարվում է քո գործընկերը, պետք է ազդակ լինի սեփական մոբլիզացիայի համար։ Ինչ էլ որ դա կարող է արժենալ։ Դա չի կարող ընկերոջից (որը երբեք ընկեր չի էլ եղել ու ինչը բոլորին քաջ հայտնի է) նեղանալու երեխայական առիթ դառնալ։ Բայց այդ առումով հայաստանյան իշխանությունների բախտը նույնպես բերել է՝ քաղաքացիները պատրաստակամ են հավատալ այդ ամենին՝ անկախ ամեն ինչից։
Մոսկվայի օրակարգը Ղարաբաղում, ինչ էլ դա լինի, իրագործելի է միայն այնքանով, որքանով դա թույլ կտան Բաքուն ու Երևանը։ Ռուսաստանը, նույնիսկ իր ներկայիս տեսքով, այս սցենարում երկրորդական դեր է խաղում։ Մոսկվան, իհարկե, կցանկանար խորամանկություն ցուցաբերել, խաղաղապահներ մտցնել, երկու կողմերին պայմաններ թելադրել։ Ոչ ոք սակայն, չի արգելում առարկել դրան, սակայն առարկել հստակ և հասկանալով հետևանքները։
Այդ ժամանակ, սակայն, կարող են առաջանալ հենց այն հարցերը։ Օրինակ, ինչո՞ւ պետք է հայերը հանուն նրա, ինչն իրենցն են համարում, պայքարեն 80֊ականների զենքերով, ինչպես բողոքեց ՀՀ նախագահը, և ո՞ւր են այն փողերը, որոնք պետք է ուղղվեին նրան, ինչը հայերն այդքան սուրբ են համարում։ Ո՞րն է քաղաքական գինը, որ Հայաստանը վճարում է գրավված տարածքների հարցում անբեկանելի դիրքորոշման դիմաց․ ո՞ւմ, և, ամենակարևորը, ինչի՞ համար է այն վճարում հավերժական թշնամիների ու ընկերների մասին պարզ պատասխաններին հավատալու հին սովորության համար։ Ամեն ինչ համընկնում է։ Թուրքերը թշնամի են, ուրեմն, մնում է Մոսկվան, բայց այն դավաճանեց, ու դրա հետևանքով զոհվեց առնվազն 73 մարդ, բայց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, միևնույն է, մեկնում է Մոսկվա՝ դա նույնիսկ նվաստացուցիչ չհամարելով։ Նման իշխանության համար հեշտ է ծիծաղելի դիտվել, բայց միայն յուրայինների հետ։ Ու չպատասխանել հարցերի, որոնք, միևնույն է, բարձրացվելու են, բայց ոչ շուտ։ Պատերազմը, հատկապես եթե դա այնքան էլ պատերազմ չէ, ամեն ինչ չէ որ ծածկում է։ Ատելությունն ավելի ապահով է։