Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի՝ նա ներկայումս գտնվում է Երևանում և փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները:
Պատերազմից հետո՝ 90-ականների երկրորդ կեսին, «Արցախի հերոս» Սամվել Բաբայանն իր ձեռքում էր կենտրոնացրել իշխանությունը Ղարաբաղում։ Տեղացիներն այն տարիների Բաբայանին համեմատում են այժմյա Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ․ Ղարաբաղի ամենահարուստ մարդն էր, անընդհատ «իր միջոցներով» Ստեփանակերտ էր հրավիրում արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, իր ավտոշարասյունը բաղկացած էր այն ժամանակվա ամենանոր մեքենաներից, «ոտքով էր բացում» Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուռը։ Իսկ երիտասարդ կանանց խորհուրդ չէր տրվում երևալ փողոցներում, քանի «կամանդուշին կարող էր աչք դնել», իսկ իրեն մերժելը վտանգավոր էր թե՛ կնոջ, թե՛ նրա հարազատների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ Բաբայանի կյանքը խաղաղ պայմաններում այդքան էլ չստացվեց: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 2000 թվականին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի առգրավումով և կոչումներից զրկելով։ 2004-ին՝ չորսուկես տարի Շուշիի բանտում անազատության մեջ անցկացնելուց հետո, Սամվել Բաբայանին ներում շնորհվեց, և նա ազատ արձակվեց: Այնուհետև տեղափոխվեց Երևան և փորձեց քաղաքական գործունեություն ծավալել: 2005-ին հիմնադրեց «Դաշինք» կուսակցությունը, սակայն այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ: Իսկ 2008-ից հետո Բաբայանը սկսեց լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ: 2010-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաբայանը մեծ պարտքեր է կուտակել և որ գրավադրել է իր մերձավորների մեծ մասի բնակարանները, անշարժ գույքը ու չկարողանալով գումարները վերադարձնել՝ Հայաստանից հեռացել է:
«Դրանից հետո, եթե անգամ մամուլը հիշում էլ էր Բաբայանի մասին, ապա գտնվելու վայրը անհայտ էր: Քառօրյա պատերազմից հետո Սամվել Բաբայանի մասին կրկին սկսեցին խոսել այն տեսանկյունից, որ թշնամու համար ահուսարսափ դարձած գործչի վերադարձը հայրենիք, հնարավոր է, որ դրական ազդեցություն ունենա, և պե՛տք է, որ նա վերադառնա: Թերևս, կարելի է ասել, որ այդ քննարկումներն ու պահանջները տեղ են հասել, և Բաբայանը որոշել է վերադառնալ Հայաստան: Միայն թե անհայտ է` ինչքան ժամանակով և ինչ նպատակով»,֊ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։