Ավետիսյաննների ընտանիքի 7 անդամների սպանության գործով կարևոր վկաներ համարվող ռուս զինծառայողները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող դատական նիստին այսօր նորից չեն ներկայացել։
«Azatutyun.am»-ի փոխանցմամբ՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի ապահովվեր ռուս զինծառայողների ներկայությունը, սակայն վկաների հարցաքննության մեկնարկին 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ուստինովը դատարանին տեղեկացրել էր, որ վերջիններս հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից և Հայաստանում չեն գտնվում։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի ներկայանա հատկապես Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար, պահակակետի պետ Անդրեյ Նիկիշինը, ով համարվում է գործում կարևոր վկաներից մեկը։ Նիկիշինը, սակայն, ռազմաբազայի ղեկավարության պնդմամբ, այլևս ռուսաստանյան զինված ուժերում չի ծառայում, իսկ դատավոր Հարություն Մովսիսյանն այսօրվա նիստին հայտարարել է, որ դատարանը Ռուսաստանի քաղաքացիներին բերման ենթարկելու իրավասություն չունի, իսկ օրենքով նախատեսված բոլոր միջոցները կիրառել է՝ ապահովելու վկաների ներկայությունը, սակայն, ըստ դատավորի, դա հնարավոր չի եղել։
Դատարանը նաև հայտարարել է, որ զինծառայողներից երեքը հեռագիր են ուղարկել՝ տեղեկացնելով, որ ընտանեկան խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան, և խնդրել են հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները։
Ըստ Նիկիշինի նախաքննական ցուցմունքի՝ 2014 թվականին Ռուսաստանից Հայաստան տեղափոխված 40 զինծառայողները, այդ թվում` Պերմյակովը, 102-րդ ռազմաբազայում անցել են հոգեբանական հատուկ թեստ և բուժզննություն, և Պերմյակովը մյուս զինվորներից որևէ բանով աչքի չի ընկել։ Իր հարցաքննության ժամանակ, սակայն, մեղադրյալն ասել էր, թե Հայաստանում բուժզննություն չի անցել։
«Azatutyun.am»-ի հետ զրույցում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներից մեկի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են դատարան քաղհայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։