ՀՀ ազգային վիճագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ապրիլին մայրաքաղաք Երևանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները ավելի թանկ են վաճառվել, քան` ՀՀ մյուս քաղաքներում, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Օրինակ, բրինձն ամենաթանկ գնով վաճառվել է Երևանում՝ 1 կգ-ն 950 դրամով։ Իսկ Եղեգնաձորում այն վաճառվել է 650 դրամով։ Կապանում 1 կգ բրինձը վաճառվել է 840 դրամով, իսկ Արտաշատում՝ 790-ով։ Մեկ կգ ձավարը Երևանում վաճառվել է 690 դրամով, Էջմիածնում՝ 410-ով, Գավառում՝ 390-ով, Կապանում՝ 580-ով, Արտաշատում՝ 450 -ով։ Իսկ, ահա, բարձր տեսակի 1 կգ հացը Երևանում վաճառվել է 510 դրամով, Իջևանում՝ 410-ով։ Ստացվում է, որ հացը Երևանում 100 դրամով թանկ է վաճառվել, քան Իջևանում»,֊ գրում է թերթը։
Տարբերությունը կարագի գներում, ըստ «Ժողովուրդ»֊ի, նույնպես հսկայական է․ «Երևանում մեկ կիլոգրամ կարագը վաճառվել է 3960 դրամով, Վանաձորում՝ 2800֊ով, Աշտարակում՝ 2670-ով։ Ստացվում է, որ մեկ կգ կարագի գինը Երևանում ավելի քան 1000 դրամով թանկ է, քան մյուս քաղաքներում։ Չնայած որ քաղաքների մի մասը Երևանին է մոտ գտնվում։ Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը աչք է փակում ՀՀ քաղաքներում առկա գնային տարբերությունների վրա»,֊ եզրափակում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»֊ի այսօրվա համարում