Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով:
Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունների հետևանքով հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել 20֊ամյա ժամկետային զինծառայող Խաչատուր Վարդանի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: