Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն՝ նշելով, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ)։
Քննչական կոմիտեն նշում է, որ առաջադրված մեղադրանքում Աբրահամյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել Պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։
«Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։