Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցում վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ, և համայնքի ներկայացուցիչներն իրենց խնդիրներով հիմնականում դիմում են հասարակական կազմակերպություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը՝ հիշեցնելով, որ ԻԼԳԱ-Եվրոպայի տարեկան զեկույցի համաձայն, Եվրախորհրդի երկրների շրջանում Հայաստանը 3-րդ վատագույն երկիրն է ( Ռուսաստանից և Ադրբեջանից հետո) ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանվածության հարցում։
«Իշխանությունն այսօր օգտագործում է մեդիան ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանելու համար։ Իսկ հասարակությունը, քանի որ չունի բավարար գիտելիքներ, հեշտ է մանիպուլյացիայի ենթարկվում»։
Ինչ վերաբերում է Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց թվին, Մամիկոն Հովսեփյանն ասել է, որ դժվար է հստակ նշել, որովհետև շատերը վախենալով հասարակության ճնշումներից այդպես էլ չեն խոստովանում և ամուսնանում են՝ կազմելով հետերոսեքսուալ ընտանիքներ։ Նրա խոսքով, Հայաստանում մոտավորապես 100 հազար և ավելի ԼԳԲՏ մարդ կա։
«Օրինակ կան գեյ տղամարդիկ, ովքեր ճնշումներից դրդված ամուսնանում են կանանց հետ։ Այստեղ արդեն խոսքը գնում է կանանց դեմ բռնության մասին, որովհետև կինն ապրում է այդ խաբկանքի մեջ։ Իսկ եթե մարդիկ հնարավորություն ունենան ապրել իրենց կյանքով, նման խնդիրներ չեն առաջանա և հասարակության մյուս անդամները նույնպես չեն տուժի»,֊ ասել է Մամիկոն Հովսեփյանը։
ՀԿ-ի նախագահ Նվարդ Մարգարյանն, իր հերթին, ներկայացրել է 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տարբեր մարզերում ԼԳԲՏ անձանց նկատմամաբ բնակչության իրազեկվածության մակարդի և վերաբերմունքի մասին իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքները։
Նրա խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած որոշակի դրական տեղաշարժին, երկրում դեռևս պահպանվում է հոմոֆոբ վերաբերմունքը․ «Արդյունքում, Հայաստանի բնակչության 90 տոկոսը կարծում է, որ ԼԳԲՏ անձանց իրավունքները Հայաստանում պետք է սահմանափակված լինեն։ Հարցվածներից նրանք, ովքեր Հայաստանի ապագան տեսնում են Եվրասիական միության կազմում և ավելի սերտ հարաբերություններ են ցանկանում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, ավելի բացասական են վերեբերվում ԼԳԲՏ անձանց։ Շատ ավելի մեղմ վերաբերմունք է նկատվել քաղաքաբնակ երիտասարդ կանանց շրջանում․ նրանք ավելի հանդուրժող են։ Այս հետազոտությունը հիմք տվեց հասկանալու, որ կա տեղեկատվության պակաս, և որքան շատանում է շփումը ԼԳԲՏ անձանց հետ, հասարակությունն ավելի հանդուրժող է դառնում»։
Կազմակերպության՝ համայնքի ծրագրերի պատասխանատու Հեղինե Բաբայանն էլ ընդգծել է, որ հաճախ մարդիկ մտածում են, թե Հայաստանում ԼԳԲՏ անձինք չկան, բայց իրականում «մենք չենք տեսնում նրանց, քանի որ թույլ չենք տալիս նրանց բարձրաձայնել իրենց խնդիրների մասին»։
Նա նշել է, որ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա (մայիսի 17) կապակցությամբ կազմակերպությունը ծրագիր է նախաձեռնել, որի շրջանակներում ԼԳԲՏ մարդիկ ուղարկում են իրենց սեփական պատմությունները։
«Մի քանի օրվա ընթացքում ստացել ենք ավելի քան 100 նամակ։ Դրանց թվում կար մի անանուն նամակ, որտեղ հեղինակի եղբորը սպանել էին խտրականության հողի վրա, իսկ սպանող 3 մարդանց ազատել էին պատժից։ Նամակի հեղինակը նշել էր, որ այժմ աշխատում է մի օրենքի նախագծի վրա, որով կխստացվի ատելութան և խտրականության հողի վրա արված սպանությունների պատիժը։ Ի դեպ, սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի մասին նամակները բավականին մեծ թիվ են կազմում»,֊ ասել է Հեղինե Բաբայանը։