Home / Հայաստան / ՄԻՊ-ը դիմել է արդարադատության նախարարին հացադուլավոր կալանավորի հարցով

ՄԻՊ-ը դիմել է արդարադատության նախարարին հացադուլավոր կալանավորի հարցով

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ պահանջելով հրատապ քայլեր ձեռնարկել Նուբարաշեն ՔՀԿ-ում ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանին քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու ուղղությամբ:

«Դատապարտյալի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ տրվել են իրարից տարբերվող ախտորոշումներ, և մինչ օրս նշանակված չէ վերջնական ախտորոշում և դրան համապատասխան լուծում: Քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ կազմակերպել նրա պատշաճ բուժօգնությունն ու խնամքը»,- նշված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ Գևորգյանը ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ բանտի ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։