Home / Հայաստան / «Եթե հավասարության կողմնակից ես, ապա ազգի դավաճան ես»

«Եթե հավասարության կողմնակից ես, ապա ազգի դավաճան ես»

Լեսբուհիների ու գեյերի միջազգային ասոցիացիայի համաձայն, Ադրբեջանն ու Հայաստանը ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչների համար ամենաբարենպաստ երկրների վարկանիշային աղյուսակում զբացեցրել են վերջին տեղերը։ Հետազոտության արդյունքները կասկածելի են, քանի որ ուղղափառ֊հոմոֆոբ Վրաստանը ցուցակում զբաղեցրել է 22֊րդ տեղը՝ առաջ անցնելով, օրինակ, Չեխիայից։

Այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում ու Հայաստանում ապրում համայնքի ամենաարտոնյալ ներկայացուցիչներիը՝ գեյերը, «Էխո Կավկազա» գործակալության թղթակից Կատերինա Պրոկոֆևան զրուցել է Gay.az կայքի հիմնադիր Ռուսլան Բալուխինի, PINK Armenia իրավապաշտպան կազմակերպության անդամ Արմեն Աղաջանովի և երևանցի բլոգեր ու ակտիվիստ Սևակ Կիրակոսյանի հետ։

Ռուսլան ֊ Ադրբեջանում հոմոֆոբիայի մակարդակը բավականին բարձր է, սակայն՝ տեսանելի չէ, քանի որ ԼԳԲՏ շարժում այստեղ ընդհանրապես չկա։ Այստեղ չեն անցկացվում որևէ ակցիաներ, մարդիկ այդ առումով ոչինչ չեն անում, իսկ, ինչպես ասում են, ցանկացած գործողություն ծնում է հակազդեցություն․․․

Կատերինա ֊ Քանի որ [ԼԳԲՏ+ համայնքը] ընդհատակում է, հոմոֆոբիայի հիմքով որևէ աղմկահարույց հանցագործության մասին, կարելի է ասել, չեմ լսել։

Ռուսլան ֊ Այո, իհարկե։ Թերևս, առկա է նաև այն գործոնը, որ ԶԼՄ֊ները նման դեպքերի մասին չեն հաղորդում։ Բնականաբար, խոսքը չի վերաբերում ինչ֊որ հանցավոր գործունեության մասին հաղորդումներին, պայմանավորված այն բանով, որ ԼԳԲՏ համայնքի որոշ ներկայացուցիչներ զբաղվում են մարմնավաճառությամբ։ Միայն նման դեպքում են ոգևորությամբ հայտնում այդ մասին, ընդ որում՝ բացասական լույսի ներքո։ Խոսում եք հոմոֆոբիայի մակարդակի մասին․․․ Եթե ԼԳԲՏ համայնքն սկսի որևէ կերպ ակտիվանալ, ապա կակտիվանան նաև նրանց հակառակորդները։ Ագրեսիա կա, սակայն այն չի երևում։ Օրինակ, գիտեմ, որ տասը մարդ ծեծել է մի դպրոցականի, նրա համադասարանցիները, այն բանի համար, որ նա «Վկոնտակտե»֊ում, իրենց կարծիքով, ինչ֊որ «գեյական» լուսանկար էր հրապարակել։ Ծեծել էին այն բանի համար, որ նա, իբր, խայտառակել էր իրենց դասարանը, ու նույնիսկ տնօրենը չէր կարողացել ոչնչով օգնել՝ տնօրենին էլ էր հասել։ Բազմաթիվ դեպքեր ԶԼՄ֊ների կողմից ընդհանրապես չեն լուսաբանվում։ Ընդհանուր առմամբ, հենց ԼԳԲՏ համայնքը չի ցանկանում [հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել]։ Նույնիսկ ագրեսիայի բախվելու դեպքում, նրանք նախընտրում են լռել ու չեն դիմում իրավապահ մարմիններին։ Շատերը թաքցնում են պատկանելությունը ԼԳԲՏ համայնքին․ հավանաբար, տասից միայն մեկն է, որ իրեն ազատ է պահում և ում ծնողները տեղյակ են։

Կատերինա ֊ Դուք ինքներդ չեք թաքցնում, չէ՞։ Որևէ սպառնալիքների բախվո՞ւմ եք։

Ռուսլան ֊ Բնականաբար, քանի որ ես զբաղվում են տվյալ գործունեությամբ, բայց իմ ծնողներն այդ մասին չգիտեն։ Չգիտեմ՝ ինչպես է հաջողվում թաքցնել տարիներ շարունակ, բայց այնպես է ստացվել, որ ծնողներս տեղյակ չեն։ Գուցե՝ կռահում են, բայց բացեիբաց մենք դա չենք քննարկել։ Սպառնալիքների բախվում են միայն կայքի, գործունեությանս պատճառով․ ստացել եմ սպառնալիքներով նամակներ։

Կատերինա ֊ Ադրբեջանում գեյերի նկատմամբ բացասական վերաբերմունքն առաջին հերթին ի՞նչով է պայմանավորված։

Ռուսլան ֊ Ամենայն հավանականությամբ, տգիտությամբ, քանի որ ոչ ոք չի զբաղվում ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցերով իրազեկմամբ։ Այստեղ պարզապես տեղի է ունենում հասկացությունների նենգափոխություն։

Կատերինա ֊ Ռուսլան, Դուք մահմեդակա՞ն եք։

Ռուսլան ֊ Ոչ։ Եթե, օրինակ, այստեղ որևէ մահմեդականի հարցնեք, թե նա ինչ է մտածում ԼԳԲՏ֊ի մասին, ապա նա, բնականաբար, կասի՝ դա վատ է, սակայն ի վիճակի չի լինի հիմնավորել, թե ինչու է վատ․ պարզապես հղում կանի Ղուրանին, սակայն անձամբ այն չի կարդացել։

Կատերինա ֊ Շա՞տ կան ադրբեջանցի գեյեր, որոնք ստիպված են եղել արտագաղթել իրենց սեռական կողմնորոշման պատճառով։

Ռուսլան ֊ Բավական մեծ թվով․ ընկերներիցս շատերը կա՛մ արդեն հեռացել են, կա՛մ պատրատսվում են հեռանալ։ Այստեղ չափազանց դժվար է ապրել հենց հոգեբանական ճնշման պատճառով, ու նրանք ստիպված են մեկնել, թեև՝ չեն ցանկանում։

Կատերինա ֊ Իսկ ի՞նչ վիճակում են ՄԻԱՎ-դրական անձինք։

Ռուսլան ֊ Վերջին վիճակագրության համաձայն, ՄԻԱՎ-դրական 49 մարդկանց միայն 2%֊ն է նույնասեռական, մյուսները՝ հետերոսեքսուալ են։ Կային մասնագետներ, որոնք պնդում էին, թե հենց ԼԳԲՏ համայնքն է տարածում վարակը, սակայն հենց իրենք էլ ներկայացնում են վիճակագրություն, որն ամբողջովին հերքում է իրենց խոսքերը։

***

Կատերինա ֊ Որքանով տեղյակ եմ, Հայաստանը Հարավային Կովկասի երկրներից առաջինն էր, որ 2008 թվականին ստորագրեց ՄԱԿ֊ի հռչակագիրը սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության մասին։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետական քաղաքականություում պաշտոնապես առանձնահատուկ ճնշումներ չկան։ Իսկ հասարակության շրջանում վերաբերմունքն ինչպիսի՞ն է։

Սևակ ֊ Գիտե՞ք, թե պետությունն ինչքան հետաքրքրված է փոխերով, հատկապես՝ եվրոպական կազմակերպություններից, ՄԱԿ֊ից եկող գումարներով։ Շատ հաճախ լինում է ներքին պայմանավորվածություն։ Եվրամիությունն ու մյուս եվրոպական կազմակերպություններն ուսումնասիրում են ԼԳԲՏ վերաբերյալ իրավիճակը, հետո պահանջում կամ խնդրում են, որ, օրինակ, եթե ձեզ փող տանք, ապա դուք պետք է բարելավեք այդ իրավիճակը, ու մերոնք համաձայնում են, երբեմն ինչ֊որ բան կարող են ստորագրել, որպեսզի փող ստանան։ Ահա և վերջ։ Այնտեղ ստորագրում են, իսկ այստեղ բոլորովին այլ բանով են զբաղված։

Կատերինա ֊ Իսկ ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը նույնասեռականների հանդեպ։

Սևակ ֊ Մեծ մասը համաձայն չէ, չի ցանկանում, օրինակ, ունենալ նույնասեռական հարևան ու կարծում է, որ իսկական հայը չի կարող ունենալ այլ սեռական կողմնորոշում, որ գեյը չպետք է լինի ուսուցիչ, և այլն։ Առաքելական եկեղեցու ինստիտուտը բավական ամուր է, ուժեղ, իսկ պետությունն այդ կազմակերպությանը շնորհել է շատ ազատություններ ու իրավունքներ, ինչպես նաև՝ արտոնություններ․ բնականաբար, եկեղեցին նույնպես նպաստում է Հայաստանի քաղաքացիների միջև անհավասարությանը։ Կան, իհարկե, նույնասեռական քահանաներ, որոնց ճնշում են, բայց կա նաև մեկ այլ խնդիր․ ԼԳԲՏ համայնքի շատ ներկայացուցիչներ հոմոֆոբիայի բախվելիս, երբ իրենց ասում են՝ դու սխալ ես, այնպիսին չես, բերում են կրոնական փաստարկներ։ Շատերն սկսում են պատասխաններ փնտրել հենց կրոնում, ու իրենք իրենց հարց են տալիս՝ «ինչո՞ւ եմ ես այսպիսին» և «ինչպե՞ս ապրեմ»։ Թերևս, ավելի ու ավելի մեծ թվով գեյեր են գնում եկեղեցի՝ փորձելով պատասխանն այնտեղ գտնել, քանի որ հասարակությունում ու աշխարհիկ կյանքում պատասխան հաճախ չեն գտնում։

Կատերինա ֊ Իսկ եկեղեցում գտնո՞ւմ են։

Սևակ ֊ Չեմ կարծում։ Օրինակ, անձամբ փնտրել եմ թե՛ Առաքելական, թե՛ այլ եկեղեցիներում։ Վերջերս գիրք հրապարակեցի, որը պատմում է աշխարհի կրոններում նույնասեռականության ու տրանսգենդերության մասին։ Ոմանք, միգուցե, պատասխան չեն գտնում, բայց կան սակավաթիվ մարդիկ, որոնք համակերպվում են ատելությանը․ շատ շատերը, սակայն, ինչպես, օրինակ, ես, որ հավատացյալ էի ու նույնիսկ եբրայերեն էի սովորել Հին Կտակարանը բնագրով կարդալու ու ամեն ինչ ավելի լավ հասկանալու համար, այդպես էլ պատասխան չեն գտնում ու ընդհանրապես դադարում են հավատալ։ Այսինքն՝ դեպքերն ու պատմությունները շատ տարբեր են։

***

Արմեն ֊ 2015 թվականի հոկտեմբերին առաջին անգամ [Հայաստանում] անցկացվեց «Ծիածան» ֆորումը, ու դրա մասնակիցների լուսանկարի հրապարակումը մամուլում ու սոցցանցերում արժանացավ շատ բացասական ու ագրեսիվ արձագանքի․ ֆորումի որոշ մասնակիցներ նույնիսկ ստացան ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ։ Բացի դա, Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքի՝ Վանաձորի քաղաքապետն ակնհայտ հոմոֆոբ հայտարարություններ արեց՝ ատելության կոչերով։ Կառավարության կողմից, սակայն, որևէ արձագանք չեղավ։ Այն բանից հետո, երբ ԶԼՄ֊ներում ու սոցցանցերում հայտնվեցին ատելության ու բռնության բազմաթիվ կոչեր, եղան Գլխավոր դատախազին դիմելու հերթական փորձեր, սակայն դատախազությունը գործին ընթացք չի տալիս, քանի որ այն չի որակում որպես հանցագործություն՝ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ օրենքի բացակայության պատճառով։ 2013 թվականին՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ, Կոնչիտա Վուրստի հասցեին բացասաբար արտահայտված երկու հայ երգչուհիների մի մամուլի ասուլիսի ժամանակ բազմաթիվ մարդիկ սկսեցին խոսել ի պաշտպանություն Կոնչիտայի ու տալ տարբեր հարցեր։ Դրանից հետո, հայալեզու թերթերից մեկը, որի հիմնադիրն ու ղեկավարն այն պահին Հայաստանի խորհրդարանի անդամ էր, մայիսի 17֊ին հրապարակեց «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որում այդ մարդկանց անվանում էր գեյ֊քարոզիչներ, զոմբիներ ու կոչ էր անում «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել նրանց նկատմամբ, դադարեցնել շփումը, չընդունել աշխատանքի և այլն։

Կատերինա ֊ Բացահայտ նույնասեռական անձանց այսօր դժվա՞ր է աշխատանք գտնել։

Արմեն ֊ Այո, քանի որ այդ հոդվածի հետ հրապարակվել էին նաև այդ մարդկանց ֆեյսբուքյան էջերի հղումները, ու նրանցից շատերը մինչ օրս չեն կարողանում աշխատանք գտնել, թեև փորձում են։ Կան նաև մարդիկ, որոնք լքել են երկիրն այդ հոդվածի ու դրա հետևանքների պատճառով։ Բացահայտ գեյերին Հայաստանում բավական դժվար է աշխատանք գտնել։ Բավական բարդ է ապրել մի հասարակությունում, որի մեծ մասը՝ մոտ 90 տոկոսը, հոմոֆոբ է։ Եթե բացահայտ գեյ ես, լեսբուհի կամ բիսեքսուալ, աշխատանք գտնելը հեշտ չէ։ Տրանսգենդերների վիճակն էլ ավելի վատ է։

Կատերինա ֊ Արմեն, Ձեր կարծիքով, ի՞նչն է ամենաշատն ազդում հանրային վերաբերմունքի վրա՝ հայրիշխանական գիտակցությո՞ւնը, խորհրդային ժառանգությո՞ւնը, եկեղեցու ամուր դի՞րքը, թե՞ պարզապես կովկասյան մտածելակերպը, որի համաձայն, տղամարդը պետք է լինի ժառանգորդ, պահապան ու հայր։

Արմեն ֊ Կոնկրետ մեկն առանձնացնել չի ստացվի, քանի որ բոլոր թվարկվածներն էլ այս կամ այն կերպ ազդում են։ Այդ ամենին գումարած նաև Ռուսաստանը, որը, թեև միայն իր երկրի ներսում է բացահայտ հակա֊ԼԳԲՏ քաղաքականություն վարում, բայց այն երկրներում, որտեղ, այսպես թե այնպես, ինչ֊որ ազդեցություն ունի, կրկնվում է նույնը։ Հայաստանում շատ հաճախ ԼԳԲՏ համայնքի հարցը դիտարկվում է որպես պայքար Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, հետևաբար, եթե դու բոլոր մարդկանց հավասարության, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության կողմնակից ես, ապա հանդիսանում ես հայրենիքի դավաճան, և արևմտամետ անբարոյական մարդ ես։

Սևակ ֊ Օրինակ, Երևանում ունեինք մի «գեյ ֆրենդլի» փաբ։ Երբ այն փայթեցվեց, նույնիսկ քաղաքական գործիչներն ասացին՝ «ապրեն տղեքը, լավ արեցին, որ պայթեցրին»։

Կատերինա ֊ Պայթյունն այդ երևանյան փաբում տեղի է ունեցել 2012 թվին։ Այսօր Երևանում կա՞ն գեյ ակումբներ, ինչ֊որ վայրեր ԼԳԲՏ համայնքի համար, ու որքանո՞վ է անվտանգ դրանք այցելելը։

Սևակ ֊ Առաջին հերթին, այդ փաբը, որի մասին խոսում ենք, նույնպես գեյ բար կամ գեյ ակումբ չէր․ այն պարզապես «գեյ ֆրենդլի» էր՝ ընկերական ու բարենպաստ ու բաց բոլորի համար։ Այսօրվա դրությամբ նման հաստատություններում հազվադեպ՝ երկու, երեք ամիսը մեկ, կազմակերպում են ինչ֊որ երեկույթներ, բայց ամեն ինչ շատ փակ է, գաղտնի, չի կարելի տեսա֊լուսանկարել, կամ՝ ասել, թե որտեղ է դա տեղի ունենում։ Վերջերս փակ ֆորմատով անցկացրինք առաջին Drag Show֊ն․ փոքրիկ ներկայացում էր ընդհամենը վեց դերասանով, բայց դրա մասին մեծամասնությունը տեղյակ չէր։ Այս տարի մի տրանսգենդեր տղամարդ ցանկանում էր այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու ծաղիկ դնել կնոջ հագուստով, բայց բոլորը նրան փորձում էին կանգնեցնել․ թե՛ ԼԳԲՏ համայնքը, թե՛ ընկերները, թե՛ հարազատները դեմ էին դրան։ Հայաստանում այսօր չկա որևէ խումբ, որը կցանկանար գեյ շքերթներ ու նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպել։