ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման և հարդարման վրա միլիարդավոր դրամներ են ծախսվել, բայց առաջին իսկ ուժգին քամուց հետո, որը արձանագրվեց երեկ, այդ շենքն արդեն սկսեց փլուզվել կամ ավելի ճիշտ՝ «մերկանալ», «Պետություն միլիոնները տվեց քամուն» առաջնորդողում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Թեև այդ շենքը երեսապատման կարիք ամենևին էլ չուներ, քանի որ վարդագույն տուֆով երեսապատված էր, բայց անցած տարվա սեպտեմբերին 57,6 միլիոն դրամ ծախսվեց ՀՀ քննչական կոմիտեի շենքը հատուկ շերտով երեսապատելու համար։ Եվ, ահա, երեկ Երևանում մոլեգնած ուժգին քամին պոկեց և ջարդուփշուր արեց ՔԿ շենքի երեսապատման մի զգալի մասը՝ բառի ուղիղ իմաստով քամուն տալով պետբյուջեի միջոցները։
Նշենք, որ ինչպես ՔԿ շենքի շինարարությունն ու կահավորումը, այնպես էլ երեսապատումը իրականացրել է «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ն, որը կապվում է Կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անվան հետ։ Պաշտոնական փաստաթղթերով, իհարկե, այդ ընկերությունը կապ չունի Հովսեփյանների հետ։ Սակայն լուրեր կան, որ իրականում այդ ընկերությունը պատկանում է Հովսեփյանների ընտանիքին, և հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մշտապես հաջողացնում է բազմաթիվ պետպատվերներ ստանալ», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում