Ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվել են Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 4 թիկնապահները և երկու այլ անձինք։ Այս մասին գրում է Armtimes.com֊ը՝ նշելով, որ, չնայած իրավապահներ փորձում էին գաղտնի պահել եղելությունը, այնուամենայնիվ, պաշտոնապես հաստատվել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ըստ դատախազության՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով):
Armtimes.com֊ի նյութից ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածել, որում նշվում էր, թե «2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող»։ Համաձայն Քննչական կոմիտեի, ձերբակալվել է 5 անձ՝ Ա.Կարախանյան, Ս.Վարդանյան, Վ.Սարգսյան, Վ․Մկրտչյան և Հ.Շմոյան։ Որոշում է կայացվել ձերբակալել ևս մեկ անձի՝ Ա.Կարախանյանին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Գագիկ Բեգլարյանի մամուլի խոսնակից, կայքի հավաստմամբ, չի հաջողվել որևէ մեկնաբանություն ստանալ կատարվածի վերաբերյալ, քանի որ վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում:
«Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին։ Ընդամենը հիշեցնենք, որ մոտ 2.5 ամիս առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ գործարարությամբ զբաղվող 25-ամյա Սերգեյ Աբովյանին, որը մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»: Վիճաբանությունը ծագել էր մեքենային ճանապարհ չզիջելու համար, վեճը վերածվել էր թեժ ծեծկռտուքի, 25-ամյա Աբովյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել, սակայն հիվանդանոց չէր դիմել և դեպքը իրավապահները չէին գրանցել»,- գրում է կայքը։