Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր Վանաձորի ՋԵԿ-ի, քիմիական կոմբինատի, և մանրաթելերի գործարանի աշխատակիցներին պետք է տեղեկացնի, թե երբ են վերջիններս ստանալու ամիսներ շարունակ չվճարվող աշխատավարձերը։ Այս մասին գրում է «Ասպարեզ» թերթը՝ նշելով, որ դրական պատասխան չստանալու դեպքում գործարանների աշխատակիցները պատրաստվում են շարունակել բողոքի ցույցերը։
Վերջին անգամ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել մայիսի 24-ին՝ Լոռու մարզպետարանի շենքի դիմաց՝ պահանջելով, ինչպես նախորդ 4 ամիսների չվճարված աշխատավարձերը, այնպես էլ դեռևս 2011 թվականի չմարած գումարները։ «Ասպարեզը» նշում է, որ, մասնավորապես, Վանաձորի քիմիական կոմբինատի աշխատակիցների մի մասը աշխատավարձ է ստացել են դեկտեմբեր և հունվար ամիսներին, սակայն դրանից հետո կրկին կուտակվել է 4 ամսվա աշխատավարձի պարտք։
Կոմբինատի աշխատակիցներից Տոֆիկ Քանարյանը թերթի հետ զրույցում նշել է, որ տնօրինության հետ իրենց նախորդ հանդիպման ժամանակ աշխատողներին խոսատացել էին երկու ամսվա՝ դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձը մարելուց հետո, տալ հաջորդ ամիսներինը, սակայն, դա այդպես էլ տեղի չի ունեցել։
Քիմիական գործարանի աշխատակիցների մի մասը դատարանով ամրագրել է 2011 թվականին չվճարված աշխատավարձերը ստանալու իրավունքը, սակայն դրանից հետո էլ, աշխատակիցներից Աշոտ Ղազարյանի խոսքով, իրենց գումարները չեն տվել։
Մայիսի 24-ին ցուցարարներին հանդիպել է մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով խոստացել է խնդիրերը քննարկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ։ Այսօր գործարանների մի քանի աշխատակիցներից կազմված պատվիրակությունը հանդիպում կունենա մարզպետի հետ՝ խնդրի մասին տեղեկություն իմանալու նպատակով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում