Արդարադատության նախարարությունը, որը կոռուպցիայի դեմ պայքարող գլխավոր գերատեսչություններից մեկն է, միայն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում 1 միլիարդ 141 միլիոն 32 հազար 600 դրամ է հատկացրել իրեն ենթակա Պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ)։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթում գրում է լրագրող Վահե Մակարյանը։
Նա նշում է, որ, մասնավորապես, նախարարությունը պետբյուջեից 253 միլիոն 434 հազար 400 դրամ է հատկացրել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ֊ին՝ ակադեմիայի դատավորների, դատախազների, ակադեմիայում ուսումնասիրությունն ավարտած և այլ անձանց համար հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակությունների ուսուցանում կազմակերպելու նպատակով։
64 միլիոն 620 հազար դրամ էլ տրամադրել է որպես կրթաթոշակ՝ նույն ակադեմիայում որակավորման ստուգման արդյունքներով դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում իրականացնելու նպատակով։
24 միլիոն 394 հազար 600 դրամ նախարարությունը հատկացրել է «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ֊ին իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակության իրականացման համար։
«Ինչ խոսք, հիանալի գաղափար է, իրավախախտ անչափահասները պետք է անպայման գեղագիտական ճաշակը զարգացած դուրս գան բանտերից», ֊ գրում է Մակարյանը։
«ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ֊ին էլ 345 միլիոն 166 հազար 200 դրամ է տրամադրվել նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման համար։
«Թե ինչ հատուկ ուսուցում է սա, և ինչ կարգի հատուկ արդյունք են ակնկալում ուսուցանվողները, որի վերջնական արդյունքն էլ պիտի զգա նաև հասարակությունը, որևէ տեղ չկա նշված», ֊ ընդգծում է հոդվածագիրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը