ՀՀ զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ. Ավետիսյանը ձերբակալվել է, այսօր տարածած հաղորդագրության մեջ հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Քննչական կոմիտեն նշում է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցերով 2016թ. մայիսի սկզբներին գնացել է զինկոմիսարիատ, որտեղ Ավետիսյանը պահանջել է 12 հազար դոլար կաշառք՝ որդուն 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար։
«Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պահանջված գումարի մի մասը՝ նախապես մշակված 5.000 ԱՄՆ դոլարը, հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին՝ պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Օրենքով սահմանված կարգով Շ. Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 5.000 ԱՄՆ դոլարը: Շ. Ավետիսյանը ձերբակալվել է և հարցաքննվել։
Նախնական քննության տվյալներով՝ զորակոչի տարիքի հասած երիտասարդն ունեցել է առողջական խնդիրներ՝ հարթաթաթություն և նյարդային խանգարում», ֊ նշում է Քննչական կոմիտեն։