Ո՞ւմ է ձեռնտու Գեղարդալիճ ջրամբարից ինքնահոս ոռոգման համակարգով ջուրը դեպի Կոտայքի մարզի մի շարք գյուղեր տեղափոխել։ Այս հարցը Գողթ գյուղի բնակիչները քննարկում էին այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ։ Մի քանի տասնյակ գողթեցիներ փակել էին դեպի Գեղարդ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը և նախագիծն իրենց հետ քննարկել։ Ոռոգման համակարգի կառուցմանը կողմ էր Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը և գյուղի բնակիչ Մարկոս Ղարիբյանը, ով գյուղից ներքև այգիներ և, գյուղացիների պնդմամբ, փոքր ՀԷԿ ունի։ Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում գողթեցիները որպես շահագրիգիռ կողմ մատնանշեցին նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունը։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրի մասին բողոքողներն ու գյուղապետը տարբեր կարծիքներ հայտնեցին։ Արտավազդ Հակոբյանը պնդում էր, թե ծրագիրը գյուղին օգուտ է․ նախատեսվում է Գիլանլար ջրանցքի ջուրը խողովակներով տանել Գեղարդալիճ, որից օգտվում է Գողթ համայնքը։ Այնտեղից էլ ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի մի քանի այլ համայնքներ՝ Հացավան, Գեղադիր, Ջրվեժ, Ողջաբերդ և այլն։ Գյուղապետի խոսքով՝ ջրի քանակը Գեղարդալճում ավելանալու է, և դեպի հարևան համայնքներ են տեղափոխելու միայն այն ջուրը, որը գալու է Գիլանլարից, և գողթեցիներին նույնիսկ մի փոքր էլ եկած ջրից է մնալու։
Գյուղացիները համաձայն չեն այդ վարկածի հետ․ նրանք ընդգծում էին, որ լինում են սակավաջուր տարիներ, և այդ ժամանակ իրենց ջուր հաստատ չի հասնելու՝ «հո, խողովակը դատարկ չի մնա»։
«Գեղարդալճի ջուրը կազմում է 2,4 միլիոն խորանարդ մետր և հազիվ է բավականացնում գյուղի բնակիչներին։ Տարի է լինում անգամ չի բավականացնում գյուղի այգիներին։ Գյուղացիներին ասել են, որ ձեր 2․4 կթողնենք, ավելը՝ կտանենք։ Որ ասում են կտանենք 1 միլիոն խորանարդ ջուր, 3 միլիոն են տանելու։ Մենք նրանց դեմը չեն կարող առնել», ֊ ասել է ակցիայի մասնակից տարեց մի տղամարդ։
Նա ընդգծել է, որ Գիլանլարից եկող ջրերը շատ լինել չեն կարող, դրանք կուտկավում են անձրևաջրերի և ձնհալի հետևանքով, և իրականում աբսուրդ է Գիլանլարի ջրի համար «էդքան ծախս անել»․ «Պարզ ա, որ իրանց Գեղարդալճի ջուրն ա պետք»։
Բողոքողների խոսքով՝ ծրագիրն իրագործվում է գյուղի հարուստների՝ հսկայական հողերը ջրելու համար։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը նշել է, որ նույն Հացավանի և Գեղադիրի բնակիչները չեն հավատում, թե Գեղարդալճից եկող ջրից կարող են օգտվել
«Էն գյուղերի բնակիչները չեն էլ հավատում, թե ջուրը իրենց կհասնի։ Ջուրը տանում են հարուստների այգիները ոռոգելու համար։ Մենք առաջարկում ենք՝ թող Գեղարդալճի կողքը մի հատ տեղ սարքեն, իրանց համար այնտեղ լցնեն Գիլանլարի ջուրը ու տանեն այնտեղից», – ասել է կինը։
Մեկ այլ վարկածի համաձայն, Գեղարդալճի ջուրը տանում են Գողթից Գառնի տանող ճանապարհից երևացող հսկայական անջրդի հողատարածքները ջրելու համար։ Գողթի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այդ հողատարածքները, որոնք ձգվում են մինչև Արարատի մարզ, պատկանում են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, ով ցանկանում է այդ տարածքը որսատեղի դարձնել։
Գողթեցիներից մեկն էլ, ով նույնպես ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ այսօրվա ակցիային իրենք պատրաստվել են մի քանի օր, և, իմանալով այդ մասին, երեկ երեկոյան գյուղի հարուստները շրջել են մարդկանց տներով և համոզել չմասնակցեն ակցիային։
Ակցիայի մասնակիցների հետ զրույցի ժամանակ գյուղապետը պնդել է, որ այս պահին շինաշխատանքներ չեն իրակնացվում։ Epress.am-ի լրագրողը, սակայն, անցնելով դեպի Գեղարդալիճ տանող ճանապարհով, տեսել է մեծ քանակությամբ ջրատար խողովակներ, շինարարական տեխնիկա, բեռնատար մեքենաներ և բանվորների։ Գյուղացիներն ասել են, որ վերջին օրերին խողովակները մաս-մաս տեղափոխում են դեպի Գեղարդալիճ, և շինտեխնիկան օր֊օրի ավելի ակտիվ է աշխատում։