Այսօր ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանը համապատասխան ստուգումներ է անցել և սկսել է բուժումը։ Իրականում, սակայն, Գևորգյանը ոչ մի բուժում չի ստանում։ Այս մասին Eperss.am-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը։ Նշենք, որ ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությունից պահանջել էր Գևորգյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ տրամադրել։
Դեռևս մայիսի 26-ին այն ժամանակ 1 ամիս հացադուլի մեջ գտնվող Գևորգյանին տեղափոխել էին հիվանդանոց ստուգումների և հետագա բուժում նշանակելու համար։
«Այսօր Գևորգյանի պաշտպանը Տիգրան Սաֆարյանը պետք է Եվրոպական դատարանին հայտնի, որ Գևորգյանը ոչ մի բուժում չի ստանում իրականում և մինչև 10-ն էլ պետք է Հրաչյայի գործով վերջնական գանգատը ներկայացվի ՄԻԵԴ», – ասել է Վեզիրյանը։
Վերջինս նշել է, որ ճիշտ է՝ Գևորգյանը այժմ հացադուլի մեջ չի գտնվում, սակայն առողջական վիճակը շատ ծանր է։ Վերջինս, Վեզիրյանի խոսքով, բողոք-նամակ է գրել «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետին, սակայն նամակը չեն տարել։
Նշենք, որ Գևորգյանը ապրիլի 25-ից հացադուլ էր հայտարարել՝ պնդելով, որ բանտի ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։