Նախկին կնոջը՝ Հեղինե Դարբազյանին (լուսանկարում), դանակի 30 հարվածով սպանած Արտակ Առաքելյանը որպես սպանության շարժառիթներ նշում է ազգությամբ «ոմն թուրք Նադիկի» հետ կնոջ ենթադրելի կապը և դրանից առաջացած խանդը: Դատախազ Հակոբ Ենոքյանի մեղադրական եզրակացության մեջ նույնպես նշված է խանդի շարժառիթը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ենոքյանը հայտարարել է, որ իր համար կարևոր է մարդու ազգությունը:
«Ես հայ մարդ եմ ու ինձ համար կարևոր է թուրքի ազգությունը»,- ասել է դատախազը։ Նա ընդգծել է, որ նախորդ դատերից մեկի ժամանակ, երբ Արտակ Առաքելյանի պաշտպանը՝ Լյուդվիգ Ավետիսյանը, հարց է տվել Առաքելյանի անչափահաս որդուն, թե «դու մեծ տղամարդ ես արդեն ու որ տեսնում ես, որ մի ադրբեջանցի մորդ հետ կապ ունի, նորմա՞լ է էդ քեզ համար» դահլիճում նստած իրավապաշտպանները դա ռասիզմի դրսևորում են համարել:
Հակոբ Ենոքյան
«Այդ ռասիստների պատճառով ձեր եղբայրները և քույրերը ապրիլին մահացան։ Այո, ինձ համար կարևոր է թուրքի ազգությունը», – հայտարարել է դատախազը և հրաժարվել պատասխանել լրագրողների հարցին՝ արդյոք թուրքի ազգությունը հետագայում կարող է անդրադառնալ իր վերջնական մեղադրական ճառի վրա:
Արտակ Առաքելյանը իր ցուցմունքում նշել է, որ սպանությունը ծրագրված չի եղել․ ինքը դա արել է «խանդի հողի վրա և աֆեկտի տակ»: Դարբազյանի նախկին ամուսնու խոսքով՝ կինը տանը «գործեր լավ չի արել, հաց չի սարքել», բացի դրանից՝ ինքը խանդոտ է և չէր կարող հանդուրժել, որ կինը ինչ-որ մեկի հետ լիներ:
«Շատ դժվար է մարդ սպանելը, ես ընկա աֆեկտի տակ, երբ վերջնականորեն ասաց, որ լավ եմ արել, բաշարել եմ՝ արել եմ: Իսկ իմ մոտի դանակները ես պահել եմ ինքնապաշտպանությունից ելնելով», -ասել է Առաքելյանը:
Վերջինիս խոսքով՝ ոչ թե ինքն է հետապնդել կնոջը, այլ կինը ինքն է վերջին շրջանում հետապնդել իրեն և այլ տղամարդկանց միջոցով պարբերաբար սպառնացել:
Նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Դարբազյանի իրավահաջորդի փաստաբան Սեդա Սաֆարյանը նշել է, որ Առաքելյանի նախաքննական ցուցմունքն էապես տարբերվում է այսօրվա նիստի ընթացքում հնչեցրած ցուցմունքից: Հակառակը, նշել է Սաֆարյանը, Առաքելյանն է միշտ հետապնդել և սպառնացել կնոջը և այժմ նա «մանրունքներից է կախվում իրան պաշտպանելու համար»։
«Ոչ մի տղամարդ էլ չի հետապնդել Առաքելյանին, դրա մասին նա նոր է դատարանում հայտնում իրեն պաշտպանելու համար։ Բացի դրանից, նա հենց այնպես դանակները իր մոտ չի պահել, այլ ծրագրված է եկել նրան սպանելու», -ասել է Սաֆարյանը:
Փաստաբանը նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ կնոջ դավաճանության և խանդի մասին հատուկ է շեշտվում դատարանում՝ Առաքելյանի պատժաչափը կրճատելու համար:
«Առաքելյանը գիտի ինչ է խոսում, նա լավ մշակված ելույթ է ունենում, երևի խցակիցներն էլ ասել են՝ ասա, որ վատ էի, ասա վերջին երեք հարվածն եմ հիշել, որ աֆեկտի տպավորություն ստեղծի, սակայն այդպիսի բան չկա, չկա աֆեկտային վիճակ», -ասել է Սաֆարյանը:
Ավելի վաղ՝ Epress.am-ի հետ զրույցում փաստաբանն ասել էր, որ սպանության հոդվածով հարուցված քրեական գործով քննությունը շատ թերի է:
«Մեղադրանքն այնպես է ձևակերպված, որ իբր անհավատարմության հողի վրա է կատարվել սպանությունը: Սակայն նախաքննական մարմինը որևէ փաստական տվյալ այդ մասին չի ունեցել: Որպես հիմք ընդունվել են միայն մեղադարյալ Արտակ Առաքելյանի պատմածները», ֊ նշել էր Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին 39-ամյա Արտակ Առաքելյանը որսորդական դանակով սպանել է 38-ամյա կնոջը՝ Հեղինե Դարբազյանին: Քրեական գործում նշված է, որ հանցագործությունը կատարվել է «ամուսնական անհավատարմության պատճառով»։