Ոստիկանության 6-րդ վարչության 4 աշխատակիցներ 2015 թ. օգոստոսի 2-ին ներխուժել են ամուսինների բնակարան և առանց որևէ հիմնավորման նրանց տեղափոխել են ոստիկանության «Էրեբունու» բաժին։ Այնտեղ, պահելով առանձին սենյակներում, ֆիզիկական բռնության և հոգեբանական ճնշման են ենթարկել ամուսիններին ու խոստովանական ցուցմունք են կորզել։ Այս մասին գրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)՝ նշելով, որ իր և ամուսնու իրավունքները պաշտպանելու խնդրանքով կազմակերպություն է դիմել կինը՝ Տ. Մ.-ն։
Վերջինս հայտնել է, որ լսել է, թե ինչպես են ոստիկանության բաժնում ծեծում ամուսնուն, իսկ ավելի ուշ նրան տեսել է վնասված դեմքով: Կնոջ խոսքով՝ քննչական բաժնում, առանց իրավունքները պարզաբանելու՝ կալանքի և տասնօրական երեխային մանկատուն հանձնելու սպառնալիքով՝ քննիչը ստիպել է ցուցմունք գրել այն մասին, որ ինքն ու ամուսինն են ոմն Ս. Վ.-ի նկատմամբ կատարված մահափորձի հեղինակները: Դրանից հետո կնոջը բաց են թողել, իսկ ամուսնուն՝ կալանավորել:
«Հետագայում ևս Տ. Մ.-ն կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ հանրային պաշտպանի ներկայությամբ կրկին փորձել են հարցաքննել նրան: Երբ վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ հանցագործությունը իրենք չեն կատարել, քննիչը, կալանավորման մասին որոշում տպելով, սպառնացել է նրան տեղափոխել «կանանց գաղութ»: Ապա երեխային մանկատուն հանձնելու սպառնալիքի և հոգեբանական ճնշման ներքո Տ. Մ.-ը խոստովանական ցուցմունք է տվել: Ավելի ուշ առերես հարցաքննության ժամանակ կրկին ժխտել է իր և ամուսնու կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը», – գրում է կազմակերպությունը։
Հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ից 2016 թ. հունիսի 8-ին ստացված գրությունների համաձայն՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե և ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: