Թուրքիայի հայ համայնքի մեծամասնությունը դեմ է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի դիրքորոշմանը, ով այս շաբաթվա սկզբին նամակ էր ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իր ափսոսանքը հայտնելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի կապակցությամբ։ Չնայած դրան, կան նաև համայնքի այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր սատարում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությանը և համաձայն են Արամ Աթեշյանի հետ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Թուրքիայում գործող «Նոր Զարթոնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սայաթ Թեքիրը։
Նրա կարծիքով՝ հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի քննադատական պատասխանն (տես՝ ստորև) արքեպիսկոպոսին կարևոր էր, քանի որ արտահայտում է հայերից շատերի կարծիքը, և նման կերպ ձայն է բարձրացվում Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող մանիպուլյացիաների դեմ։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ իշխանամետ մամուլն ակտիվորեն գրում է, թե բանաձևի ընդունման օրը Բունդեսթագի դիմաց հայերի կողքին կանգնած էին նաև քրդերը, և այդ երկու ժողովուրդները միասնաբար պայքարում են Թուրքիայի դեմ։
«Այսպիսով, նրանք ատելության քարոզ են սփռում երկրի ներսում բնակվող հայերի և քրդերի դեմ։ Նրանք ուզում են ցույց տալ, որ հայերը չեն ցանկանում Թուրքիայի բարգավաճումը։ «Հայ» բառը Թուրքիայի տարբեր վայրերում նաև որպես վիրավորանք է ընկալվում, ինչ֊որ տեղ «սատայանացված» բառ է, և նաև ներկայիս քրդական շարժումը վարկաբեկելու, «սատանայացնելու» համար էլ իրենք օգտագործում են այս առիթը։ Սա ոչ միայն Ցեղասպանության ճանաչման հարց է․ Էրդողանն այս խնդիրն օգտագործում է նաև ներքին քաղաքականության մեջ իր հարցերը լուծելու համար», ֊ ասել է Թեքիրը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Աթեշյանի նամակն Էրդողանին դժվար է բացատրել միայն իշխանությունների կողմից առկա ճնշումով. կան համայնքի ներկայացուցիչներ, ովքեր աշխատում են իշխող կուսակցության հետ, գիտեն էրդողանականների դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ և գործում են հենց այդպես։
«Հստակ չեմ կարող ասել՝ եղել է ճնշում, թե ոչ, բայց համայնքում կան մարդիկ, ովքեր առանց ճնշման էլ այսպիսի բաներ կարող են անել իրենց շահի համար», ֊ նշել է Թեքիրը։
«Նոր Զարթոնքի» ներկայացուցչի խոսքով՝ Էրդողանին սատարող ԶԼՄ֊ները բանաձևի ընդունումից հետո փորձել են շեղել ուշադրությունը խնդրից՝ այլ թեմաներ դաշտ ներմուծելով և հնարավորինս քիչ անդրադառնալով Բունդեսթագի որոշմանը։
Նա նշել է նաև, որ երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անշուշտ կարևոր է, սակայն Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների համար ամենակարևորն է, որպեսզի այդ մասին խոսվի Թուրքիայի խորհրդարանում։ Ցավոք, Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը շարունակվում է։ Ըստ մեր զրուցակցի՝ սովորաբար, նման բանաձևերից հետո Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների վրա ճնշումն ուժեղանում է, կառավարությունն էլ ավելի ակտիվ է գործի դնում իր քարոզչամեքենան ատելություն սերմանելու համար, ինչպես եղավ, օրինակ, 2001֊ին, երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Թեքիրն ասել է, սակայն, որ Գերմանիայի պարագայում իրավիճակը մի փոքր այլ է․ Թուրքիայում գիտեն, որ այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունները հնարավոր չէ խզել, դա ձեռնտու չէ հենց Թուրքիային, ու Թուրքիայի կառավարությունը չէր կարող չափազանց կոշտ դիրքորոշում ընդունել, այդ իսկ պատճառով ընտրվել է խնդիրը հնարավորինս քիչ լուսաբանելու, այդ մասին գրեթե չխոսելու տարբերակը։
Նշենք, որ Արամ Աթեշյանն Էրդողանին հղած իր ուղերձում, մասնավորապես, ասել էր․ «Պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Բունդեսթագի ընդունած որոշումն ափսոսանք է առաջացրել մեր ժողովրդի մոտ։ Որպես Թուրքիայի հայկական համայնք, մեր ցավն ենք հայտնում Ձեր պատվարժան գրասենյակին՝ որպես մեր սրտաբուխ և անկեղծ զգացմունքների արտահայտում։ Անընդունելի է, որ Գերմանիայի քաղաքացիների ձայների միջոցով ձևավորված խորհրդարանը, որը պարտավոր է սահմանել օրենքներ իր ազգի խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար, իր կարծիքն է հայտնել առանց դրա իրավունքն ունենալու։ Անթույլատրելի է, որ այդ խորհրդարանը ողջ գերմանացի ժողովրդի անունից օրինականացնում է որոշում՝ իրեն դատավորի տեղ դնելով»։
Աթեշյանին պատասխանել էր Ստամբուլում թուրքերեն և հայերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթը, մասնավորապես, նշելով․ «Պարոն արքեպիսկոպոս, պետության կողմից մի ժողովրդի համակարգված ու գրեթե ամբողջական բնաջնջումը Դուք որակում եք որպես «Առաջին Համաշխարհային Պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր», ինչը վիրավորանք է այդ ժողովրդի նախնիների, [ցեղասպանության] զոհերի ու փրկվածների հասցեին»։
«Ակօս»֊ն ընդգծել էր, որ համայնքը միատարր կազմվածք չէ․ այն բաղկացած է անհատներից, որոնք ունեն իրենց անկախ զբացմունքները, կարծիքներն ու ճշմարտության ամուր գիտակցումը։
«Բանն այն է, որ իրենց մյուս քաղաքացիներից տարբերողները հայերը չեն։ 1915֊ից հետո, ցանկացած քաղաքական լարված իրավիճակում հայերը հայտնվում են խտրական, ֆաշիստական ու ակնհայտ սպառնալիքներ պարունակող դիսկուրսի թիրախում։ Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ հանցագործություն, ողջ մարդկության խնդիրն է», ֊ նշել էր թերթը։