Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը երեկ Գողթ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել է առաջիկայում հանդիպում կազմակերպել գյուղացիների հետ և քննարկել Գեղարդալճից ջուրը խողովակներով Կոտայքի մարզի այլ գյուղեր տեղափոխելու նախագծի հարցը։ Այդ ծրագրի դեմ հանդես է գալիս գյուղի բնակիչների գերակշիռ մասը։
Մարզպետի հետ հանդիպման մասին, Epress.am-ի հետ զրույցում, ասել է Գողթ գյուղի բնակիչ, ակտիվիստ Վահրամ Սեդրակյանը՝ հավելելով, որ Գուլոյանի հետ հանդիպման ժամանակ գյուղացիները կրկին հայտնել են իրենց դժգոհությունները և պահանջները, մասնավորապես, պնդելով, որ ծրագիրը պետք է կասեցվի։
Գուլոյանը, Սեդրակյանի փոխանցմամաբ, գողթեցիների բողոքներին ի պատասխան, ասել է, որ «ինքը մասնագետ չէ և չի կարող բոլոր հարցերին սպառիչ պատասխանել»։
Այդ պատճառով էլ վերջինս խոստացել է հաջորդ հանդիպմանը հրավիրել ոլորտի մասնագետներին, և գողթեցիներին մտահոգող հարցերը քննարկել նրանց ներկայությամբ։
«Ե՛վ նախորդ հանդիպմանը, և՛ առաջիկա հանդիպմանը մենք հայտնել ու հայտնելու ենք, որ գողթեցիները ոչ մի զիջման չեն գնալու», -եզրափակել է Սեդրակյանը։
Հիշեցնենք, որ Գողթ համայնքի բնակիչները այս ամսվա ընթացքում մի քանի անգամ փակել են Գողթից դեպի Գեղարդ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարդալիճ ջրամբարի մոտ անցկացվող շինարարական աշխատանքները։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից իրագործվող ծրագրի, Գեղարդալճից ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի մի քանի այլ համայնքներ ոռոգման նպատակով: Գողթեցիները, սակայն, պնդում են, որ Գեղարդալճի ջուրը չի բավարարում անգամ իրենց գյուղի հողատարածքները ոռոգելուն։ Բացի դրանից՝ գյուղացիների խոսքով՝ ջուրը իրականում այլ նպատակներով են տանում։ Մասնավորապես, որպես շահագրգիռ կողմ, նշվում է գյուղից ներքև մեծ այգիներ ունեցող, Գողթի բնակիչ Մարկոս Ղարիբյանի և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները, որը Գողթի մոտ ունի հսկայական անջրդի հողատարածքներ։