«Իրանք են որոշում՝ երբ կարող են թույլ տալ մեզ կանգնել այստեղ՝ նախագահականի դարպասների մոտ, և ով կարող է մեզ այստեղ տեսնել։ Իսկ եթե որոշում են թույլ չտալ, թույլ չեն տալիս»: Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահի նստավայրի դարպասների մոտ հերթական բողոքի ակցիան անցկացնող 2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։
Նանա Մուրադյանը նախագահականի մոտ էր եկել 2010 թվականին բանակում մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի հետ․ նրանք կրկին մահացած որդիների գործով արդար դատաքննություն էին պահանջում։
Այս անգամ, ի զարմանս մայրերի, ոստիկանները թույլ են տվել կանանց՝ իրենց սպանված որդիների լուսանկարները ձեռքներին, կանգնել նախագահականի դարապասների մոտ։ Խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները պարբերաբար հավաքվում են նախագահականի մոտ, սակայն ոստիկանները արգելում են կանգնել դարպասների մոտ՝ հաճախ ուժ կիրառելով։ Ոստիկանները պատճառաբանում են, որ այդ տարածքում քաղաքացիները իրավունք չունեն հավաքներ անել։
Այսօր, սակայն, մայրերին չեն հեռացրել դարպասների մոտից, անգամ երբ նախագահական է ժամանել Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանը: Epress.am֊ի լրագրողի հետ զրույցում ծնողները նշել են, որ իրենց հատկապես զարմացնում է այդ փաստը, քանի որ մեկ շաբաթ առաջ, երբ նախագահականում Սերժ Սարգսյանին էր հանդիպել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ոստիկանները մայրերին արգելել էին մոտենալ նախագահականի դարպասներին։ Բացի դա, երբ ակցիայի մասնակցիները նախագահի նստավայրի դիմացի մայթին էին պարզել իրենց պաստառները, իրավապահները նրանց դիմաց պատ էին կազմել, որպեսզի ծնողները չկարողանան տեսնել, թե ինչ է կատարվում նախագահականի բակում, ինչպես նաև որպեսզի նրանց պաստառները չերևան։
Իրինա Ղազարյանը և Նանա Մուրադյանը մոտ երկու ժամ իրենց որդիների լուսանկարները ձեռքներին կանգնել են դարպասների մոտ՝ մինչև կավարտվի Սերժ Սարգսյանի և Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպումը։
«Մեզ վրա ոչ մեկը ուշադրություն չի դարձնում։ Ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ․) հանդիպումներ է ունենում, ճաշկերույթ է հիմա անում իր հյուրերի հետ, ու էն տպավորությունն է, որ դարպասներից այս կողմ մենք չկանք։ Էդ ուրիշ իրականություն է, չկան սպանված զինվորների ծնողները», -ասել է Իրինա Ղազարյանը։