«Վարդաշեն» ՔԿՀ-ի մի խումբ բանտարկյալներ սպառնում են հացադուլ սկսել, եթե քրեակատարողական հիմնարկը չբարելավի իրենց պայմանները, և արդար կերպով չքննվի իրենց վաղաժամ ազատ արձակելու հարցը։ Այս մասին 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանն իր և մի քանի այլ ազատազրկված անձանց անունից բաց նամակ է հղել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին և պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին։ Իր նամակում կալանավորը, մասնավորապես․ հայտնել է, որ դատարանն իրենց զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ «օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից»:
Նամակում Ավետիսյանը հիշեցրել է, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, երբ մի խումբ կալանավորներ անժամկետ հացադուլ էին հայտարարել, ՔԿՀ էին այցելել մի խումբ պաշտոնյաներ՝ պատգամավորներ, գլխավոր դատախազության ներկայացուցիչը, Արդարադատության նախարարությունից անձինք, ՄԻՊ-ը (այն ժամանակ Կարեն Անդրեասյանը), ՔԿՀ-ի վարչության պետի տեղակալը։
«Նրանք խոստացան, որ օրենքի (վաղաժամ ազատ արձակման) գործելու մասին փաստը մեզ շուտով ցույց կտան: Այցից անցել է 10 ամիս, տեղի են ունեցել բազմաթիվ Ազգային ժողովի նիստեր, սակայն խոստացված այդ օրենքի գործելու մասին՝ ոչ մի պատասխան:
․․․մենք դիմում ենք ձեզ բաց նամակի տեսքով, որ հրավիրենք ձեր ուշադրությունը, որպեսզի օրենքով սահմանված կարգով գործի օրենքը, քանզի ոտնահարվում են մեր իրավունքները: Մեր հաջորդ քայլը լինելու է հացադուլը, որը մեզ էլ ցանկալի չէ: Մենք գիտենք, որ կալանավորների կյանքը ձեր համար արժեք չունի, բայց ստիպված դիմելու ենք այդ ծայրահեղ քայլին, որպեսզի ձեր ուշադրությունը սևեռենք մեր խնդիրների վրա: Խնդրում ենք արձագանքել մեր նամակին: Հարգանքներով և հույսով սպասում ենք ձեր միջամտությանը, որպեսզի եղած օրենքը գործի: Եվ պահանջում ենք, որ այդ «Անկախ հանձնաժողովը» (Վաղաժամ ազատ արձակման հարցերը քննող֊խմբ․) լուծարվի»,- ասված է բաց նամակում:
2014 թվականին Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել խարդախության և խարդախության փորձի մեջ։ Դատարանն ապացուցված էր համարել, որ գնդապետը 2000 դոլար է վերցրել Հենրիխ Զաքարյանից՝ նրա թոռանը ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդու զորամասը փոխելու համար։ Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։ Ավետիսյանի հարցը Ազգային ժողովում բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հարց ուղղելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ 2013-ի մայիսից ազատամարտիկներն իրենց իրավունքների համար պայքար են սկսել, և Վոլոդյա Ավետիսյանը խնդիրները բարձրաձայնել է Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, որից հետո նրան ձերբակալել են խարդախության մեղադրանքով։ Հետագայում ԱԺ-ն համաներում է հայտարարել, սակայն Ավետիսյանի հոդվածին ևս մի դրվագ է ավելացվել և նա համաներմամբ չի ազատվել, ինչը, ըստ Փաշինյանի, հիմք է տալիս կարծել, թե ազատամարտիկի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Ավետիսյանին քաղբանտարկյալ են համարում մի շարք միջազգային և տեղական իրևավապաշտպան կազմակերպություններ։