Հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանի ստամոքսի խոցը 4 օր պայթած է մնացել, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նրան չեն տեղափոխել հիվանդանոց։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը։
«Հունիսի 11-ին Գևորգյանի բերանից արյուն է եկել, ասել է, որ իր հետ բան է կատարվում, 3-4 օր նրան չեն մոտեցել։ 4-րդ օրը, երբ այլ գործով դատախազ է գնացել նրա մոտ, դատախազին է ցույց տվել բերանի արյունը, նա էլ կանչել է նրանց (ՔԿՀ-ի աշխատակիցներին-խմբ․) ասել է՝ էս ինչ եք անում, էս մարդուն անհապաղ ստուգումների ուղարկեք», – պատմել է Վեզիրյանը։
Դրանից հետո միայն՝ հունիսի 15-ին, Գևորգյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ հետազոտել են։ Դրա արդյունքում պարզվել է, որ պայթել է կալանավորի ստամոքսի խոցերից մեկը։
«Հետազոտել են, նորից հետ տարել «Նուբարաշեն», ոչ մի բուժում չեն արել, շատ վատ վիճանկում է հիմա», – ասել է Վեզիրյանը։ Նա հավելել է, որ կալանավորի առողջական վիճակին դեռևս չի արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանը։
Գևորգյանի ծանր վիճակի մասին նախորդ շաբաթ հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը՝ ընդգծելով, որ հիվանդ կալանավորը խոշտանգման է ենթարկվում։
Նշենք, որ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։ Նա ապրիլի 25-ից մեկ ամիս հացադուլ է արել՝ պահանջելով իրեն պատշաճ բուժօգնություն ցույց տալ։ Կալանավորի խնդրի հետ կապված նրա պաշտպանը դիմել է ՄԻԵԴ։