«Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող, 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով բարելավել քրեակատարողական հիմնարկում պահման պայմանները և արդար կերպով քննել իրեն վաղաժամ ազատ արձակելու հարցը։ Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։
Հունիսի 18-ին Վոլոդյա Ավետիսյանն իր և մի քանի այլ ազատազրկված անձանց անունից բաց նամակ էր հղել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին և պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին։Իր նամակում կալանավորը, մասնավորապես․ հայտնել է, որ դատարանն իրենց զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ «օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից»: Ավետիսյանը սպառնացել էր հացադուլ սկսել, եթե քրեակատարողական հիմնարկը քայլեր չձեռնարկի նշված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև՝ հանդիպում բաց նամակի հասցեատերերի հետ:
2014 թվականին Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել խարդախության և խարդախության փորձի մեջ։ Դատարանն ապացուցված էր համարել, որ գնդապետը 2000 դոլար է վերցրել Հենրիխ Զաքարյանից՝ նրա թոռանը ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդու զորամասը փոխելու համար։ Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։ Ավետիսյանի հարցը Ազգային ժողովում բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հարց ուղղելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ 2013-ի մայիսից ազատամարտիկներն իրենց իրավունքների համար պայքար են սկսել, և Վոլոդյա Ավետիսյանը խնդիրները բարձրաձայնել է Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, որից հետո նրան ձերբակալել են խարդախության մեղադրանքով։ Հետագայում ԱԺ-ն համաներում է հայտարարել, սակայն Ավետիսյանի հոդվածին ևս մի դրվագ է ավելացվել և նա համաներմամբ չի ազատվել, ինչը, ըստ Փաշինյանի, հիմք է տալիս կարծել, թե ազատամարտիկի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Ավետիսյանին քաղբանտարկյալ են համարում մի շարք միջազգային և տեղական իրևավապաշտպան կազմակերպություններ։