Տարվա առաջին հինգ ամիսների հաշվարկով և վերջին երկու տարվա կտրվածքով Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 38 միլիարդ 188 մլն դրամի չափով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հիմնվելով պաշտոնական տվյալների վրա։
Այս տարվա հինգ ամիսների արդյունքներով՝ Հայաստանում առևտրաշրջանառությունը կազմել է 774 միլիարդ 331 միլիոն 500 հազար դրամ, որը անցած տարվա նույն ժամանկակահատվածի տվյալներից պակաս է 4 միլիարդ 238 միլիոն դրամով։
«Այն հանգամանքը, որ այս տարվա առևտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ թեկուզ փոքր անկում է արձանագրում, արդեն իսկ խոսում է տնտեսության ծանր վիճակի մասին», – գրում է «Ժողովուրդ»-ը։
Համաձայն թերթի՝ սա կապված է Հայաստան եկող տրանսֆերտները նվազման հետ։
«Նախորդ տարիներին Հայաստանի բնակչության գնողունակությունը աստիճանաբար աճել է։ Դա տեղի է ունեցել արտերկրից եկող տրանսֆերտների աճի հետ զուգահեռ։ Վերջին մեկուկես տարում Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են մոտ երեք անգամ և շարունակում են պակասել», – գրում է «Ժողովուրդ»-ը։
Դրան հակառակ, արձանագրում է թերթը, Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա առաջին հինգ ամիսների նախնական արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 5,5 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում