«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների բողոքին են միացել մի շարք կուսակցություններ, մասնավորապես, ՀԱԿ֊ը, «Ալյանս»-ը, «Համախմբում»֊ը։ Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին կայացած բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Նաիրիտ» գործարանի նախկին քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանը։ Գործարանի նախկին աշխատակիցների պահանջները նույնն են՝ վճարել իրենց հասանելիք տույժերը և վերագործակել «Նաիրիտը»։
Վերջինիս խոսքով՝ իրենք այսօր պատրաստվում են նամակ փոխանցել նաև Սերժ Սարգսյանին։
«Նամակում, մասնավորապես, պահանջել ենք «Նաիրիտ»-ի վերագործարկումը, նաև այն տույժ ու տուգանքները, որը մենք մինչև այսօր չենք ստացել։ Մեզ ստորացուցիչ պայմանագրեր են ստորագրել տվել, որ մենք հրաժարվենք մեր գումարներից», – ասել է գործարանի նախկին աշխատակիցը։ Նա հավելել է, որ իրենց գումարները հետ ստանալու հարցով պատրաստվում են դատարան դիմել։
«Կառավարությունը, նախարարությունները չեն հասկանում, մենք՝ նաիրիտցիներս, շատ լավ հասկանում ենք, որ չի կարելի աշխատող գործարանը հոսանքազրկել ու կանգնացրել և ոչինչ չանել գործարանը նորից վերագործարկելու համար», – եզրափակել է Մանուկյանը։