«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանից պահանջել է բացատրել ՀՀ քաղաքացիներին, թե ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում։
«Անընդհատ նույն քաղաքական ուժը, նույն անձինք մնում են իշխանության մեջ, չնայած նրան, որ ՀՀ քաղաքացիների կյանքը ավելի վատթարանում է։ Արտագաղթն ավելի է շատացել, աղքատությունն ահավոր չափերի է հասել, էլ չեմ ասում, որ այս ամենին գումարվել է 4֊օրյա պատերզմը, և սպասվող պատերազմն է մեր դուռը թակում։ Այդ ինչպե՞ս է լինում, որ ընտրությունների միջոցով իշխանությունները չեն փոխվում։ Ի՞նչ է, մեր քաղաքցիները չե՞ն հասկանում, որ չպետք է ընտրեն այդպիսի իշխանավորների», – Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հարցրել է պատգամավորը։
Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե Հայաստանի քաղաքացիները, լսելով Փոստանջյանի ելույթները, հասկանում են, որ ավելի լավ է իշխանությանը ձայն տան, քան իրեն։
Պատգամավորը, իր հերթին, նշել է, որ իրականում քաղաքացիներն իշխող ՀՀԿ֊ին ձայն չեն տալիս․ «Ինչպես Սերժ Սարգսյանն էր ընտրություններից առաջ հայտարարել՝ ինչքան ցանկանաք, էդքան կխփենք… դուք զբաղած եք խփելով։ Հիմա եկել է պահը, որ ձեզ խփեն։ Հանրության մեջ այն մտայնությունն է, որ ձեզ միայն խփելով կարող են այստեղից հանել և ուղարկել»։