Արդեն 4 օր է՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ ստեղծված իրավիճակը կարելի է ճգնաժամային համարել՝ հաշվի առնելով, որ այդ ճանապարհը միակ ցամաքային ուղղությունն է Հայաստանից բեռները շուկաներ հասցնելու համար հատկապես այս սեզոնին, երբ ծիրանի և այլ մրգերի պահանջարկը Ռուսաստանում մեծ է:
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, որը Վրաստանում է, թերթի հետ զրույցում ասել է, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռևս սկսված չեն:
«Ջրի մեծ հոսքը լվացել է ճանապարհը, հսկայական զանգվածը փակել է այն: Հիմա կա տեղեկություն, որ այդ զանգվածի մի հսկայական մաս դեռևս պետք է տեղաշարժվի, դա պետք է իջնի ցած, որից հետո նոր կարելի է սկսել վերականգման աշխատանքները. հիմա տեխնիկան արդեն տեղափոխվել է և ցերեկային ժամերին աշխատում է, բայց երեկոյան տեխնիկան տարածքից հեռացնում են, վտանգը կա», – ասել է Աղաջանյանը:
Ըստ նրա՝ ճանապարհի վերականգնման վերաբերյալ երկրաբանների կարծիքները տարբեր են:
«Ամենահոռետեսական գնահատականը, որ ես լսել եմ, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանների կողմից հնչած տեսակետն է՝ վրացական հեռուստատեսությամբ: Նրանք ասում էին, որ այս աշխատանքները կտևեն մեկուկես ամիս: Լսել եմ նաև կարծիք, որ երկու շաբաթվա աշխատանք կլինի, եթե նոր ոչ մի բան տեղի չունենա: Այսինքն գնահատականները դեռ հակասական են, դեռ վերջնական պատկեր չի ձևավորվել», – նշել է նա։
Աղաջանյանն ընդգծել է, որ ճանապարհին կուտկաված մեքենաների մեծ մասը բեռնատարներ են, բայց կան նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայեր, որոնք Հայաստանից վերադառնում էին։ Նա նշել է, որ բեռնատարների մի մասը տեղափոխվում են Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, որտեղից լաստանավերով բեռնատար մեքենաները տեղափոխում են Նովոռոսիյսկ։ Նա ասել է, որ լաստանավերով փոխադրման տարբերակը ավելի մեծ ժամանակ է պահանջում և ավելի թանկ է։