«ՀայԱրտ» համույթի 25 անդամներ հունիսի 25֊ից ի վեր չեն կարողանում Վրաստանով Հայաստան վերադառնալ Լարսով անցնող ավտոճանապարհի փակ լինելու պատճառով։ Երեխաները ստիպված են գումար հավաքել «Կոմետա»֊ով Բաթումի հասնելու համար՝ համերգներով հանդես գալով Սոչիի լողափերում, հայտնում է «Կավկազսկի ուզել» կայքը։
Ճանապարհի Վլադիկավկազ–Լարս հատվածում ավտոմեքենաների երթևեկությունն արգելափակվել է հունիսի 23֊ին Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառով։
«Հայ Արտ» համույթի ծնողական կոմիտեի անդամ Քրիստինե Հակոբյանի խոսքով, պարի համույթը Երևանից Սոչի էր մեկնել հունիսի 19֊ին՝ «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան կողմից հրավերով Սոչի էր ժամանել 73 մարդ՝ 25 երեխա, 48 ծնող և մանկավարժ։ Դրամական միջոցները տնտեսելու նպատակով, նշել է Հակոբյանը, իրենք Սոչի են մեկնել վարձակալած ավտոբուսով։ Միևնույն ժամանակ, ծնողներից ոմանք ստիպված են եղել բանկերից վարկեր վերցնել, որպեսզի ի վիճակի լինեն իրենց երեխաներին ուղարկել փառատոնին։
«Հունիսի 25֊ին՝ համերգից անմիջապես հետո, ավտոբուսով պետք է ուղևորվեինք Հայաստան Վրաստանի տարածքով։ Մեզ, սակայն, հայտնեցին, որ ճանապարհի մի հատված փակ է, և Վրաստանով անցնել հնարավոր չէ», ֊ ասել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ համույթի մասնակիցները, նրանց ծնողներն ու մանկավարժներն ստիպված վերադարձել են հյուրանոց, քանի որ «օտար քաղաքում ուրիշ գնալու տեղ չկար»։
«Զանգահարել ենք մեզ հետ չմեկնած ծնողներին։ Նրանց խոսքով, ճանապարհածախսի համար գումար չունեն։ Հյուրանոցի տերերը համաձայնել էին երեխաներին թույլ տալ մնալ մի գիշեր, հարևանները սնունդ ու ջուր էին բերում»,֊ պատմել է Հակոբյանը։
Ծնողկոմիտեի մեկ այլ անդամ Նարինե Հարությունյանը նշել է, որ հաջորդ օրը հյուրանոցի ղեկավարությունը «քաղաքավարի կերպով խնդրեց հեռանանք, քանի որ արդեն պետք էր վճարել»։
«Մեզ օգնեցին հայ համայնքի ներկայացուցիչները, վճարեցին հյուրանոցի ու սնունդի համար։ Հունիսի 28֊ին, սակայն, արդեն պետք է լքենք հյուրանոցը։ Իսկ թե ուր ենք գնալու, չգիտենք», ֊ ասել է Հարությունյանը։
Ճանապարհի հատվածի փակվելուց հետո «Կոմետա» նավով Սոչի֊Բաթումի երթուղու գները «մի գիշերվա ընթացքում կտրուկ բարձրացել են», հայտնել է «Հայ Արտ»֊ի մանկավարժ Նարինե Թորգոմյանը։ Հունիսի 23֊ի դրությամբ, ուղևորությունն արժեր 4 հազար ռուբլի մեծահասակների և 1,5 հազար ռուբլի երեխաների համար։
«Հաջորդ օրը տոմսն արժեր 7 հազար ռուբլի մեծահասակների համար, և 3,5 հազար ռուբլի՝ երեխաների։ Ընդհանուր առմամբ, միայն Բաթումի հասնելու համար պետք է վճարենք 279 հազար ռուբլի։ Իսկ Բաթումիում արդեն պետք է դեպի Երևան ավտոբուս վարձակալենք»։
«Հունիսի 26֊ի երեկոյան երեխաները դուրս էին եկել լողափ ու համերգ էին տալիս, որպեսզի փող հավաքեն։ 2 հազար ռուբլի հավաքեցին․ ասացինք՝ պաղպաղակ գնեն, սակայն երեխաներն պնդեցին, որ իրենց պաղպաղակ հարկավոր չէ, ավելի լավ է՝ ինչ֊որ մեկի համար տոմս գնեք։ Այսօր երեկոյան նրանք կրկին մտադիր են համերգով հանդես գալ լողափին»,֊ ասել է Թորգոմյանը։
Մանկավարժների խոսքով՝ երեխաներին ինքնաթիռով Երևան հասցնել չեն կարող, քանի որ չունեն ծնողների կողմից տրված ուղեկցման հավաստագրեր։ Նրանք նաև համոզված են, որ Աբխազիայով Վրաստան ճանապարհն իրենց համար նույնպես փակ է․ «Մենք Սոչի ենք եկել Վրաստանի տարածքով։ Վրաստանցի սահմանապահների նշումները կարող են պատճառ լինել, որպեսզի աբխազացիները մեզ թույլ չտան մուտք գործել Աբխազիա»։
Հունիսի 27֊ի դրությամբ, համույթի մասնակիցներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին Երևան հասնելու համար հավաքվել է 90 հազար ռուբլի։ Ընդ որում, մանկավարժները պնդում են, որ «հունիսի 28֊ի երեկոյան Սոչիից Բաթումի է մեկնում մոտորանավ, իսկ հաջորդը միայն մեկ շաբաթ հետո է»։