Ազգային ժողովն այսօր 106 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 1-ին ընթերցմամբ ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված Ընտրական նոր օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում ձեռք բերված համաձայնության հիման վրա: Ձևաչափը ներառում էր իշխող կուսակցությունների, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների հավասար թվով մասնակիցների։
Օրինագծին դեմ են քվեարկել պատագամավորներ ՀԱԿ խմբակցության երկու պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը և որևէ խմբակցությունում չընդգրկված Խաչատուր Քոքոբելյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ իրենք կողմ են ԸՕ-ում արված փոփոխություններին, սակայն դեմ են ընդհանուր օրենսգրքին:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին նվիրված 4+4+4 ձևաչափով փոխհամաձայնության տակ ստորագրել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն։ Սակայն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե այն ստորագրած քաղաքական ուժերը կարողանան դոնոր կազմակերպությունների կողմից փաթեթում նշված փոփոխություններն իրագործելու համար համապատասխան ֆինանսավորում գտնեն: Անհրաժեշտ գումարը կազմում է 15-16 միլիոն եվրո, որից դեռ 5-6 միլիոնը գտնված չէ։