Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 1 միլիոն դրամով տուգանել է 2 փոքր հիդրոէլեկտրակայաններ շահագործող «Տաթևի Անապատ» ՍՊԸ-ին:
Չնայած ընկերությունը գրանցված է Սպարտակ Սանթրոսյանի անունով, Hetq.am կայքն իր հրապարակումներից մեկում նշել էր, որ «Տաթևի Անապատ»֊ի 50 տոկոսը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։
Տուգանելու պատճառն այն է, որ ընկերությունը խախտել է լիցենզիայի պայմանները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխանցմամաբ՝ ընկերությունը 2014 թվականի սեպտեմբերի 12-ի գրությամբ հայտնել էր, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նախագծային փաստաթղթերում, ինչի ավարտից հետո նշված փաստաթղթերը կներկայացվեն հանձնաժողով, սակայն այդպես էլ որևէ փոփոխության մասին ընկերությունը չի տեղեկացրել, ապա առանց թույլտվության կատարել է ՀԷԿ֊երից մեկի կառուցման աշխատանքներ։
Հանձնաժողովը 2016 թվականի հունիսի 20-ին անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ՝ Քարահունջ գետի 1597,6մ նիշի վրա (նախկին 1545մ փոխարեն) արդեն իսկ կառուցվել էր մետաղական ջրընդունիչ հանգույց, սակայն ձկնանցարանները գտնվում էին կառուցման փուլում։ ՀԷԿ֊ի շենքը կառուցվել էր 1305մ բարձրության վրա, նախկին նախագծով նախատեսված 980մ նիշի փոխարեն։
ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը իրականացրել է լիցենզիայի ցուցանիշներից տարբերվող ՀԷԿ֊ի շինարարական աշխատանքներ:
Տուգանելուց հետո, սակայն, հանձնաժողովը հավանություն է տվել ընկերության կատարած փոփոխություններին և թույլատրել է ՀԷԿ-ը կառուցել ոչ թե լիցենզիայի նախկին պայմանների համաձայն, այլ ընկերության կողմից արված փոփոխված տարբերակով։