Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցում բնակվող Բիչախչյանների ընտանիքը հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով կորցրել է իր ամբողջ ունեցվածքը։ Նման վիճակում են հայտնվել տասնյակ տեղաբնակներ։
«Մեր տունն ամբողջությամբ վնասված է։ Հողամասը, տան կահույքը, տղայիս ամբողջ նկարահանման տեխնիկաները, վառելափայտը և մնացած ամբողջ ունեցվածքը մնացել է ավազի, քարի ու ջրի տակ»,- այս մասին Epress.am-ին պատմել է տիկին Սիլվան։
Վերջինս ասում է, որ չի դժգոհում քաղաքապետից և վարչապետից, բայց միևնույն ժամանակ նշում է, որ իրենց տրամադրված գումարը շատ քիչ է․ «Մեզ տրամադրել են 4 միլոն 596 հազար դրամ, 500 հազար դրամ վարչապետն է ուղարկել ու հիմա էլ նման խոսակցություններ ենք լսել, որ կարող են մոտ 400 հազար դրամով ավելացնել գումարը, բայց մեկ է, այդ գումարը մեզ բավական չէ, գոնե դրա կրկնակիի չափով գումար է մեզ պետք։ Մենք չգիտենք անգամ մեր տունը կկարողանանք վերանորոգել, թէ ոչ։ Այս պահին մեր բարեկամների տանն ենք մնում ու փորձում ենք վարձով տուն գտնել, որովհետև մոտ մեկ տարի կպահանջվի նորից կորցրածը վերականգնելու համար»։
Մի քանի օր առաջ տուժածներին օգնելու նպատակով Արթիկ մեկնած կամավորներն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգել են, որ քաղաքում և հարակից գյուղերում ու համայնքներում համաճարակի վտանգ կա։
«Սատկած անասունները գտնվում են դեռ ջրերի տակ, և չեք կարող պատկերացնել, թե ինչ գարշահոտ է այդ տարածքում։ Իսկ հոտած ջրերը լցվում են Հոռոմի ջրամբարը, որը մատակարարում է հարակից մի քանի գյուղերը։ Մոտ 10 տուն գտնվում է սարսափելի ծանր վիճակում՝ նրանք կորցրել են իրենց տունն ու ամբողջ գույքը։ Այդ տների մեծ մասը նոր վերանորոգված տներ էին։ Մոտ 6 տներ, որտեղ մենք օգնում էինք մաքրման աշխատանքներ իրականացնել, ջուրը հոսում էր հենց տան միջով, իսկ նկուղներն ամբողջությամբ ջրի տակ էին հայտնվել»,֊ պատմել է կամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Արթիկ մեկնած Մաքսիմ Սարգսյանը նշել է, որ երբ իրենք փորձել են կապ հաստատել քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ ստեղծված խնդրի մասին զրուցելու, չինովնիկը շատ ագրեսիվ վարք է դրսևորել․ «Շատ ագրեսիվ էր մեր նկատմամբ տրամադրված։ Երբ խնդրի մասին էինք խոսում, ասում էր՝ կարող ա՞ ինձնից շատ եք մտածում, բա ու՞ր էիք էս 7 օր ա չկայիք»։
Կամավորների խոսքով՝ ջուրը բնակիչների տներից և գոմերից հանելու ու վնասները վերականգնելու համար համարյա ոչինչ չի արվում։ «3 հատ տրակտոր էր աշխատում մեր այցի ժամանակ, որոնք անսարքին վիճակում էին ու ամեն 5 րոպեն մեկ կանգնում էր աշխատանքը, որովհետև տեխնիկայի հետ ինչ-որ խնդիրներ էին առաջանում։ Զարմանալի էր նաև տուժածների հանդեպ մյուս արթիկցիների բացարձակ անտարբերությունը։ Ոչ մի արթիկցի առանց գումարի գործ չէր անում ու չէր օգնում տուժածների տները մաքրելու հարցում»,- ասել է Ռիմա Սարգսյանը։