Home / Հայաստան / Բողոքող գողթեցիները ստորագրեցին իրենց ցանկությամբ փոխված նախագծի տակ

Բողոքող գողթեցիները ստորագրեցին իրենց ցանկությամբ փոխված նախագծի տակ

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները հուլիսի 6-ին ստորագրել են Գեղարդալճից ջուրը խողովակներով Կոտայքի մարզի այլ գյուղեր տեղափոխելու վերամշակված նախագծի տակ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գողթ գյուղի բնակիչ, բողոքի ակցիաների մասնակից Վահրամ Սեդրակյանը։ Նախագիծն իրականացնում է ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

Համաձայն փոփոխված նախագծի, Գեղարդալճի ջուրը պետք է վերցվի ոչ թե ջրամբարի ներքևի հատվածից, այլ վերևից (ջրառի հանգույցը պետք է տեղադրվի ջրամբարի վերին հատվածում-խմբ․)։

«Ստորագրված փաստաթղթով հաստատվում է, որ նախագիծն իրագործողոները պարտավորվում են Գողթ համայնքի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չխախտել՝ անկախ Համաշխարհային բանկի հետ ունեցած բանակցությունների արդյունքից։ Եվ հույս ունենք, որ ծրագիրը, որը մեր ուզածով է, անկախ ամեն ինչից, հենց այդ՝ փոփոխված տեսքով էլ իրագործվելու է», – ասել է Սեդրակյանը՝ հավելով, որ եթե խախտվի այդ պայմանը, ապա պետք է ծրագիրը չեղյալ համարվի»։

Նշենք, որ Գողթ համայնքի բնակիչները հունիս ամսվա ընթացքում մի քանի անգամ փակել են Գողթից դեպի Գեղարդ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարդալիճ ջրամբարի մոտ անցկացվող շինարարական աշխատանքները։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից իրագործվող ծրագրի, Գեղարդալճից ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի մի քանի այլ համայնքներ ոռոգման նպատակով: Գողթեցիները, սակայն, պնդում էին, որ Գեղարդալճի ջուրը չի բավարարում անգամ իրենց գյուղի հողատարածքները ոռոգելուն։