Կարկուտից տուժած Կոտայքի և Արագածոտնի մարզի գյուղացիները (Աշտարակ քաղաքի հարակից գյուղերից) սպասում են կառավարության արձագանքին․ նրանք պատրաստ են ճանապարհներ փակել, եթե փոխհատուցումը չգոհացրեց իրենց, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով Armtimes.com կայքին:
Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը կայքի հետ զրույցում նշել է, որ կարկուտը վնասել է մարզի 27 գյուղի բերքը:
«Հիմա կարկտահարության տոկոսները տեղերում ճշտվում են: Նախնական տվյալներ կան, որ մոտ 13 համայնքի բերքը 100 տոկոսով վնասվել է: Ահավոր քանակի է վնասները: Դեռ արձանագրում ենք, մեկ շաբաթից կավարտենք: Համայնքային հանձնաժողովներ էլ են ձևավորել», – ասել է Յուրա Ազատյանը:
Հարցին՝ նախկինում, երբ կարկտահարություն է եղել, պետությունն ի՞նչ միջոցներ է ձեռք առել վնասի փոխհատուցման ուղղությամբ, վարչության պետն ասել է, որ նախկինում հողի և ջրի հարկերից են ազատել գյուղացիներին:
Կոտայքի մարզպետարանից էլ նշել են, որ մարզում կարկուտը վնասել է 21 համայնքի բերքը, իսկ 100 տոկոսով վնասված այգիներ չկան:
Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի բնակիչ Արտակ Բեյբությանը լրագրողի հետ զրույցում ասել է, որ վնասվել է իր խնձորի այգին, որի վրա միայն այս տարի 300 հազար դրամ գումար է ծախսել (ջրի վճար է կատարել և բուժանյութ է գնել):
«Մարդիկ կան, որ մինչև 70-80 տոննա բերք էին ակնկալում ստանալ այս տարի, իմ այգին մի քիչ փոքր է», – ասել է Արտակ Բեյբությանը: