«Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով այս երկու օրերի ընթացքում բանակցություններ է վարել Ժիրայր Սեֆիլյանի, ԱԱԾ պաշտոնյաների և ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման հետ, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ մինչև երեկոյան ժամ 19:00-ն «Սասնա ծռերի» անդամներից պատասխան կստանա ընթացող բանակցությունների վերաբերյալ:
«Այս պահին դեռ բոլոր քայլերը ցույց են տալիս, որ իշխանությունները բանակցությունները խզում են, սակայն դեռ մի քիչ հույս կա, որ այդպես չի լինի: Մինչև երեկ երեկոյան բանակցությունները փակուղու մեջ չէին: Այսօր ես պետք է ժամը 7-ին տղաների պատասխանը փոխանցեմ ԱԱԾ ծառայողներին: Սակայն հեռախոսակապի հետ խնդիրներ կան, իսկ, հեռախոսային կապը խզելով, իրենք իմ այսօրվա պատասխանը ստանալու միջոցներն են խզում, ինչը նշանակում է, որ իշխանությւոնները գնում են բանակցությունները խզելու ուղղությամբ: Ես 30 րոպե ժամանակ եմ տալիս իշխանություններին, որ վերջիններս ինձ պատասխան տան, թե արդյոք խզում են բանակցությունները, թե ոչ»,- ասել է Ալեք Ենիգոմշյանը:
Նշենք, որ առավոտվանից ԶԼՄ-ները գրում են, որ խմբավորման անդամների հեռախոսներն անջատված են և նրանց հետ, ի տարբերություն նախորդ երկու օրերի, հնարավոր չէ կապ հաստատել:
Ենիգոմշյանը հավաստիացրել է, որ բանակցությունները եռակողմ են և ընթանում են Ժիրայր Սեֆիլյանի, գունդը գրավածների և իշխանությունների միջև:
«Եթե իշխանություները խզեն բանակցությունները, նշանակում է նրանք գնում են առճակատման ուղղությամբ և կգրոհեն: Ես աղոթում եմ, որ նման արկածախնդրության չգնան, իսկ եթե լինի, իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ներկա վարչախմբի ուսերին»,- նշել է բանախոսը:
Նա նաև ընդգծել է, որ ՊՊԾ շենքում գտնվողնեը շատ քիչ ու վատ սնունդ ունեն, սակայն իրենց տրամադրությունը շատ լավ է և ներսում գտնվող ոստիկանության աշխատակիցների հետ հարաբերություններն ընկերական են: