Այսօր Ոստիկանության հրավիրած ասուլիսի ժամանակ Մերուժան Սողոմոնյանը հայտնել է, որ իր որդին իր կամքին հակառակ է հայտնվել ՊՊԾ գունդը գրավողների մեջ և ոչ մի կապ չունի «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ: Նրանք հավաստիացրել են, որ իրենց որդին՝ Էդգար Սողոմոնյանը, Ռուսաստանում է բնակվում և վերջերս է եկել Հայաստան:
Վերջիններս ոստիկանների հետ միասին տված ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանից խնդրել է վերադաձնել իր որդուն: Նա համոզմունք է հայտնել, որ որդին այնտեղ իր կամքով չի մնում:
Ասուլիսին ներկայացել է նաև Մարի Պապիկյանը, ով նույնպես հայտնել է, որ իր որդին՝ Գառնիկ Հովակիմյանը, ապրում է Ռուսաստանում, մեկ ամիս առաջ է եկել Հայաստան՝ անձնագիրը փոխելու, և իր կամքին հակառակ է հայտնվել խմբում:
A1plus.am-ի հետ զրույցում, սակայն, Էդգար Սողոմոնյանը հավաստիացրել է, որ ինքն իր կամքով է մնում ՊՊԾ շենքի տարածքում և չի պատրաստվում վերադառնալ:
«Ինձ ոչ ոք չի ստիպել, ստեղ ստիպողական ոչ մի բան չկա, եկել եմ իմ կամքով, իմ հայրենիքը պաշտպանելու համար, որ Սերժը վեր կենա, գնա էդ աթոռից: Մնալու եմ մինչև վերջ»,- կայքի հետ զրույցում ասել է Սողոմոնյանը:
Իսկ Պավել Մանուկյանն էլ ավելացրել է, որ Սողոմոնյանը մնալու է իր դիրքերում, ինքը հայրենիքի համար է ոտքի կանգնել և ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ:
Նա ոստիկանության կազմակերպած ասուլիսը «կապիկություն» է որակել. «Ոստիկանությունը կապիկության բոլոր ձևերն էլ ունի, նույն կարծիքին են նաև տղաները»: