ՊՊԾ շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների բոլոր հեռախոսները՝ ներառյալ Պավլիկ Մանուկյանի (լուսանկարում) բանակցությունների համար նախատեսված հեռախոսը, անջատված են: Այս մասին գրում է A1plus.am կայքը՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտվանից նրանց հեռախոսները անհասանելի են, իսկ էլեկտրոնային օպերատորը նշում է, որ «տվյալ հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում»:
Armtimes.com-ի փոխանցմամաբ, ՀՀ ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդում այս պահին «Սասնա ծռեր» խմբավորման հետ բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, Ղարաբաղի պատերազմի վետերան Վիտալի Բալասանյանը:
Նա երեկ նույնպես այցելել էր խմբի անդամներին: Ըստ կայքի աղբյուրի, բանակցությունները շատ բարդ են ընթանում, և Բալասանյանը փորձում է գտնել առանց արյունահեղության հարցի լուծման տարբերակ:
Աղբյուրի փոխանցմամաբ՝ բացառվում է, որ խումբը համաձայնի փոխզիջման գնալ միայն «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակվելու դիմաց:
Բալասանյանի հետ բանակցությունների ժամանակ «Սասնա ծռերի» անդամները պնդել են իրենց պահանջները` Սերժ Սարգսյանի հրաժարական և Ժիրայր Սեֆիլյանի ու մնացած քաղբանտարկյալների ազատ արձակում: