ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր Խորենացի փողոցում 20:00-ին մեկնարկած հավաքի ժամանակ հայտարարել է, որ իր համար իսկական մղձավանջ է եղել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի հայտարարությունն այն մասին, թե «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանն իր հետ զրույցում հայտարարել է, որ ինքը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Ես չեմ ուզում հավատալ միջնորդավորված այս հայտարությանը, ես հույս ունեմ, որ Ժիրայր Սեֆիլյանը որևէ կերպ այս հայտարարությունը պարզաբանելու հնարավորություն կունենա: Անկեղծ ասած՝ մեզ համար այս հայտարարությունը նման է մղձավանձի, որովհետև, եթե այն հաստավի, ապա սա կլինի երկորդ անգամ երբ քաղաքական ուժը շատ երկար ինձ փորձում է համոզել, ապացուցել՝ միանալ Սերժ Սարգսյանի հեռացման համար իրենց առաջ քաշած պայքարիին, և երբ որ մենք, դրան վերաբերելով զգուշավորությամբ, որոշակի մտահոգություններ ունենալով, թե ինչքան է այդ պահանջը այդ ձևի մեջ անկեղծ, այնուամենայնիվ, որոշում ենք քայլ կատարել դա լրջացնելու ուղղությամբ: Եվ ահա երկար ժամանակ մեզ հրավիրող ուժը հրաժարվում է իր կեցվածքից», – նշել է Փաշինյանը:
Այժմ նա դադար է վերցրել և սպասում է իրադարձությունների զարգացմանը՝ մնալով Խորենացի փողոցում: Նա նշել է, որ նման հայտարարության պարագայում ինքը Խորենացիի հավաքները կառավարելու իր լիազորությունները հանձնում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանին:
Այսօր ՊՊԾ գնդի տարածք այցելած Epress.am-ի լրագրողը նշում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն անդրադարձել են Վիտալի Բալասանյանի հայտարարաությունը՝ նշելով, որ վերջինս իրավունք չունի խոսել իրենց անունից և իրենց առաջնային պահանջն է Սերժ Սարգսյանի հրաժարականը և անգամ կառավարության հրաժարականը իրենց չի բավարարի: Ավելի ուշ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ Վիտալի Բալասանյանն այլևս չի հանդիսանում միջնորդ բանակցություններում, քանի որ այսօրվա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա իրենց պահել է ոչ պատշաճ: