«Սասնա ծռեր» խմբի անդամ էդգար Սողոմոնյանի հայրն ու մայրը երեկ գրավված ՊՊԾ գնդի տարածք էին եկել և համոզում էին իրենց որդուն, որպեսզի իրենց հետ տուն գնա: Ծնողներին այնտեղ էին բերել ոստիկանության աշխատակիցներն այն ժամանակ, երբ «Սասնա ծռերի» անդամներին այցելել էին լրագրողները:
Սողոմոնյանի ծնողները վստահեցնում էին, որ իրենց որդին ՊՊԾ գնդի տարածքում անելիք չունի և պետք է իրենց հետ տուն գնա: «Հանձնում ես ու գնում, Էդգար, դու հիմա էդ զենքը դնում ես ու գալիս ես, ես առողջություն չունեմ, քեզ քաշ տալով կտանեմ: Եթե ուզում ես չմեռնեմ, ուրեմն գալիս ես իմ հետ հիմա», – պնդում էր Էդգարի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, ով հաշմանդամություն ունի և դեպքի վայր էր եկել սայլակով::
Սակայն Էդգար Սողոմոնյանը հրաժարվել է ծնողների հետ հեռանալ: Նա նշել է, որ ինքը ոչ մի տեղ չի գնալու և մնալու է մինչև վերջ: Լրագրողների հետ զրույցում Սողոմոնյանն ասել է, որ իրեն ոչ-ոք չի ստիպել գնալ նման քայլի և ինքը հանցագործ չի, այլ պարզապես եկել է պայքարելու հայրենիքի համար: Խմբի անդամ Սեդրակ Նազարյանը համոզված է, որ իշխանությունը միտումնավոր է ծնողներին բերում այստեղ, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրի տղաների վրա:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը Սողոմոնյանին առաջարկել է վերջին անգամ ընտրել՝ կամ գնալ ծնողների հետ, կամ մնալ ՊՊԾ շենքում մինչև վերջ: Էդգար Սողոմոնյանը որոշել է չլքել ապստամբներին, ովքեր հուլիսի 17-ից գտնվում են գրաված տարածքում:
Նշենք, որ հուլիսի 20-ին ոստիկանության հրավիրած ասուլիսի ժամանակ Սողոմոնյանի ծնողները հավաստիացրել են, որ իրենց որդուն իր կամքին հակառակ են տարել և խնդրում էին Պավել Մանուկյանին վերադարձնել նրան: