Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին երեկվանից հացադուլ է իրականացնում ի համերաշխություն «Սասնա ծռեր» խմբի, որի անդամներն արդեն 2 օր է սնունդ չեն ստանում: Այս մասին նա ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան մոտ անցկացրած ակցիայի ընթացքում:
Գասպարին Սարգսյանի տան դիմացի մայթին կանգնել է 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների նկարներով պաստառով, որի վրա գրված է եղել «Թույլ չենք տա որևէ մեկին բռնությամբ հարցեր լուծել, դա մեր մենաշնորհն է»: Բացի դա, նա ծառին է փակցրել տարբեր ակցիաների ընթացքում քաղաքացիների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններին դատապարտող գրառմամբ պաստառներ:
Նա նշել է, որ բողոքում է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորների լռության դեմ, քանի որ, ըստ Գասպարիի, վերջիններս պարտավոր են իրենց գործողություններով տարբերվել իշխող կուսակցությունից: Գասպարին ձայն է տվել ՀԱԿ դաշինքին 2012 վականի խորհրդարանական ընտրություններին:
Սերժ Սարգսյանի տան մոտ հերթապահող ոստիկանները մոտենում էին և կարդում էին պաստառների վրա գրածները ու հեռանում:
«Ես իմ գործողությունները համարում եմ ամբողջությամբ համադրված «Սասնա ծռերի» բողոքի ձայնը բարձրացնող համակարգող խմբի հետ, և ես ի նշան աջակցության ՊՊԾ գունդը գրաված խմբի տղաներին, որոնց զրկել են սնունդից, բուժօգնությունից ու կապի միջոցներից, ես նույնպես հրաժարվել եմ երեկվանից սնունդ ընդունել: Դա չնչինն է՝ ինչ կարող եմ անել այս իրադրությունում: Ես սնունդ չեմ ընդունի այնքան ժամանակ, մինչև չվերականգնվի նրանց կապի, բուժօգնության և սննդի հարցերը», – ասել է Գասպարին: