Ոստիկանության ՊՊԾ գունդը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավելուն հետևված տարբեր բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված անձանցից 6-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն: Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է։ Եվս 6 կասկածյալ ձերբակալվել է։ Հաղորդագրության մեջ ձերբակալվածների և կասկածյալների անունները չեն նշվում:
Ընդգծենք, որ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ակցիաներ են անցկացվել Ազատության հրապարակում և Խորենացի փողոցում:
Քննչականի նախնական քննության տվյալներով՝ ակցիաների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն ստանալու համար բուժհաստատություն է դիմել 62 անձ, որոնցից 37-ը՝ ոստիկան, 25-ը՝ քաղաքացիական անձ։
Նշենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեն առանձին քրգործ է հարուցել նաև հուլիսի 19-ի երեկոյան Սարի թաղ թաղամասում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
«Հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում: Մի խումբ անձինք բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների` հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին։ Կիրառված բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության 6 աշխատակցի։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են», – նշված է ՀՀ քննչականի հաղորդագրության մեջ։
Բացի վերոնշյալ 3 անձանցից, ավելի վաղ նույն գործի շրջանակներում մեղադրանք էր առաքջադրվել Հ. Թորոսյանին, ով ձերբակալվել էր: