հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լևոն Բարսեղյանը ոստիկանությունում է գտնվում

Լևոն Բարսեղյանը ոստիկանությունում է գտնվում

Անցած գիշեր Խորենացի փողոցից բերման ենթարկված Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով վերջին օրերին մի քանի անգամ ելույթ է ունեցել հանրահավաքների ժամանակ,  գտնվում է Ոստիկանության բաժանմունքներից մեկում: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը՝ նշելով, որ այդ մասին հստակ տեղեկություններ ունի:

Մինչ այդ տեղեկատվությունը, Բարսեղյանի մասին երկար ժամանակ լուր չկար: «Հյուման Ռայթս Հաուս Երևան» իրավապաշտպան ցանցը ահազանգել էր, որ Բարսեղյանի գնտվելու վայրը հայտնի չէ:

«Թեև ոստիկանությունը լուր է տարածել, թե առավոտյան 6։30-ին ազատ է արձակվել՝ նրա գտնվելու վայրի մասին այժմ ո՛չ գործընկերները և ո՛չ էլ հարազատները լուր չունեն», – հայտարարել են իրավապաշտպանները: 

Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաստատել է, որ Բարսեղյանը գտնվում է Շենգավիթի ոստիկանության բաժնում: «Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն
Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը», – ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ, ըստ Քննչական կոմիտեի, Լևոն Բարսեղյանի մոտ դանակ են հայտնբերել և քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):

Ոստիկանությունը հայտարարել էր, որ երեկ Խորենացի փողոցից ձերբակալված 64 անձից 63-ը ազատ են արձակվել, մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ։ Նա ձերբակալվել է, կատարվում է քննություն։