Home / Տեսանյութեր / Պավել Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է ծանր (թարմացվում է)

Պավել Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է ծանր (թարմացվում է)

04:10 Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները լրագրողներին հայտնել են, որ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի վիրահատությունները տևել են 2 ժամ: Պավել Մանուկյանի երկու ազդրերն էլ վնասվել է, Արամ Մանուկյանը ձախ ազդրի հրազենային վնասվածք է ստացել: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն ու վերահսկելի: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են գտնվում, արհեստական շնչառության պայմաններում: 

Վիրավորված ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

03:30 Վիրավորները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Այնտեղ են նաև Սասնա ծռեր խմբի անդամներից ոմանց հարազատները: Նրանց տեղեկատվություն չեն տրամադրում: Հիվանդանոցի մուտքի մոտ ոստիկանական մեքենաներ են կանգնած:

Պավլիկ Մանուկյանի դուստրը լրագրողներին ասել է, որ ինքը միայն տեղեկություն ունի, թե հայրն ու եղբայրը ոտքերից են վիրավորվել:

03:15 Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է. 

30 րոպե առաջ Սարի Թաղում էինք: Տղերքը մի քանի անգամ ներսից գոռում էին «էկեք տարեք», ի նկատի ունեին վիրավորին/ներին, Երկար ժամանակ արձագանք չկար: Հիմա հիվանդանոցի դեմն ենք, ոստիկանները շրջապատել են ու թույլ չեն տալիս ինֆո ստանանք:

03:10 Խորենացի փողոցից բերման է ենթարկվել Գյումրու ավագանու անդամ, Ասպարեզ լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին:

03:00 Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը գրում է. «Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են»:

02:45 Սասնա ծռերի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Պավել Մանուկյանին ու Արամ Մանուկյանին այս պահին վիրահատում են:

02:20 Խորենացի փողոցից ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք քաղաքացիներին բերման են ենթարկում: Քաղաքացիական հագուստովները շրջում են նաև հարակից շենքերի բակերով, մարդկանց մտցնում են առանց համարանիշների մեքենաներ: Epress.am-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես ոստիկանները փորձել են ծեծելով բերման ենթարկել 13-14 տարեկան մի տղայի, որին մարդիկ իրենց կողմ են քաշել՝ թույլ չտալով, որպեսզի նրանց տանեն:

02:13 Սասնա ծռեր խմբի Ֆեյսբուքի էջում հետևյալ հայտարարություն է հայտնվել.

«Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:

02:00 ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգություն է սկսվել ոստիկանական ուժերի և Սասնա ծռեր խմբի անդամների միջև, որի հետևանքով վիրավորվել է Պավել Մանուկյանը և նրա որդին, ինչպես նաև մեկ իրավապահ: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Երեք վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: 

Ըստ Ահարոնյանի գրառման՝ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

«Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար», – գրել է Ահարոնյանը:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: