14:30 Այն բանից հետո, երբ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը հայտնել է վիրավոր Սեդրակ Նազարյանի մասին, տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը, ով ֆեյսբուքայն իր էջում գրել է. «Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել»:
Նշենք, որ այս պահին Նազարյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրան վիրահատում են:
14:00 «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը կրծքավանդակի շրջանում վիրավորում է ստացել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը:
Հաղորդագրության համաձայն, նրան դուրս են բերել գրավված ՊՊԾ գնդի տարածքից, սակայն Նազարյանի վիճակի մասին տեղեկություններ չկան: Հայտնի չէ՝ արդյոք վերջինս վիրավոր է, թե մահացած:
Նշենք, որ այսօր առավոտյան 11:00-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցների և պայթունների ձայներ են լսվել: Դրանից հետո Խորենացի փողոցի արգելափակված հատվածից շտապօգնության մեքենա է դուրս եկել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՊԾ գնդի տարածքից վիրավորումներով հիվանդանոցներ էին տեղափոխվել Արամ և Պավել Մանուկյանները, Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Արմեն Լամբարյանը, Արթուր Մելքոնյանը, Էդվարդ Գրիգորյան: