Դավիթ Սանասարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Կարո Եղնուկյանին և Հովսեփ Խուրշուդյանը քաղբանտարկյալներ են և նրանց առաջադրված մեղադրանքները անհեթեթություն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են վերջիններիս փաստաբանները՝ նշելով, որ իրենց պաշտպանյալներին առաջադրած մեղադրանքերի միակ նպատակը նրանց հասարակությունից մեկուսացնելն է: Հուլիսի 19-ից անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշել է, որ, մեղադրանքներին նայելով, տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները:
«Այդ մեղադրանքները անհեթեթ են, և չի կարելի այսքան անհիմն մեղարանքերով մարդկանց քաղբանտարկյալներ դարձնել: Այս գործերում իրավաբանությունը հրաժեշտ է տվել, քանի որ մեղադրանքերում ոչ մի իրավաբանական հիմնավորում գոյություն չունի: Կարո Եղնուկյանին երկու դրվագով է առաջադրվել մեղադրանք, առաջին դրվագը՝ տեղեկություններ տարածելու համար է, որը մարդու ազատությունն է:
Նրան մեղադրել են, որ, նպատակ ունենալով տեղի բնակչության մոտ իրավապահ մարմիններին վարկաբեկել, համացանցով տարածել է տեղեկատվություն, թե իբր իրավապահ մարմինների փոխանցաց սննդի հետևանքով զինված խմբի անդամները թունավորվել են: Սա մեղադրանքի հիմքում է ընկած:
Մյուս մեղադրանքն էլ նա է, որ նա միջոցներ է ձեռնարկել հավաքի մասնակիցներին ՊՊԾ գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար: Այս պատճառներով Եղնուկյանին մեղադրանք են առաջադրել է 38֊218 (պատանդ վերցնելուն օժանդակելը), 38֊219 (շենքեր, կապի միջոցներ զավթելուն օժանդակելը) հոդվածներով, որով հասնում է 6-15 տարի ազատազրկում: Սրանք պարզապես անհեթեթություն են և ակնհայտորեն քաղաքական հետապնդում», ֊ ասել է Հայրապետյանը:
Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհանիսյանն էլ իր հերթին հավելել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը *(զանգվածային անկարգություններ կազմակերպելը֊խմբ․) նույնպես ապօրինի է, քանի որ տեսանյութում պարզ երեևում է նախ այն, որ հուլիսի 29-ին չեն եղել զանգվածային անկարգություններ, այլ ոստիկանությունն է հարձակվել մարդկանց վրա ու ծեծել, իսկ Արմեն Մարտիրոսյանը ակնհայտորեն բանակցություններ է վարել ոստիկանների հետ, որ բախում չլինի:
«Սա հորինված մեղադրանք է, որն իշխանությունների կարգադրությամբ է տեղի ունենում։ Նպատակ ունեն դադարեցնել այս օրերին կազմակերպվող միջոցառումներն ու հանրահավաքները», – ասել է Հովհաննիսյանը:
Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասել է, որ իր պաշտպանյալի դեմ մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասով, ըստ որի Սանասարյանը կազմակերպել և անցկացրել է ապօրինի հավաք ու չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին: Այդ հոդվածով արավելագուն պատժաչափ է հասնում երեք ամիս ժամկետով կալանքը. «Այսինքն ամենաթեթև հանցագործություներից մեկն է: Նրան կալանավորել են միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա և ոստիկանների ցուցմունքներից բացի, չկա ոչ մի օբյեկտիվ նյութ, այնինչ մեղադրանքին հակառակ բազմաթիվ տեսագրություններ գոյություն ունեն»:
Փաստաբանը նաև անդրադարձել է Սանասարյանի առողջական վիճակին՝ նշելով, որ վերջինս ունի երիկամների խնդիր։ Ռևազյանն ասել է, որ Սանասարյանը բժշկական զննություն պետք է անցնի, որից հետո, փաստաբանի կարծիքով, նրան հնարավոր կլինի հիվանդանոց տեղափոխել. «Մենք փորձում ենք իրավական կողմից մոտենալ, սակայն այստեղ միայն քաղաքական ենթատեքստեր են, և հնարավոր չէ իրավական տեսակետից մոտենալ սրան»: