ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել։ Մամուլում տարածված տեղեկությունը armlur.am կայքի հետ զրույցում հաստատել է Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ Կոստանյանի չի կարողանալու շարունակել աշխատանքը առողջական խնդիրների պատճառով։ Թե ինչ խնդիրներ են դրանք, Մելքոնյանը չի մանրամասնել։
Դատախազութության կայքում պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
Նշենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ուժային կառույցների ղեկավարները կարող են պաշտոնանկ արվել։ Մասնավորապես, գրվում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին։
Առաջինը, սակայն, հրաժարական է ներկայացրել 39-ամյա Գևորգ Կոստանյանը։