Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը (լուսանկարում) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, որով բացահայտում է հուլիսի 29-ին Սարի թաղում մարդկանց դաժան ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստով անձանցից մեկի ինքնությունը։ Լրագրողը հիշեցնում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, թե օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել «միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»:
«Սույն նամակով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հայտաբերվել է բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձը, նա Վլադիմիր Գասպարյանի (ՀՀ ոստիկանապետ֊խմբ․) անվտանգության աշխատակից Գագո Զոհրաբյանն է: Լուսանկարները հրապարակել եմ, որպեսզի տեղեկացնեմ հանրությանը սույն անձի մասին: Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ, Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել», ֊ հաղորդման մեջ գրում է Ենոքյանը։
Նշենք, որ Պավել Սասունյան օգտատերը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ենոքյանի հասցեին՝ պահանջելով «հեռու մնալ»։
Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջից